Մանկավարժական համալսարանում կայացավ «Հայության տեղաշարժերը և փոխակերպումները 20-րդ դարում և 21-րդ դարի սկզբին» խորագրով ժողովածուի շնորհանդեսը։ Ձեռնարկում տեղ են գտել Հայկական պետական մանկավարժական և Բեյրութի Հայկազյան համալսարանների համատեղ նախաձեռնությամբ անցկացված նույնանուն միջազգային երկու գիտաժողովի նյութեր։
Շնորհանդեսի առիթով Մանկավարժականում էր Բեյրութի Հայկազյան համալսարանի պատվիրակությունը՝ նախագահ, դոկտոր Փոլ Հայդոսթյանի ղեկավարությամբ։
Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց կրթական երկու հաստատությունների համագործակցությունն ու հետագա հնարավոր գործակցությունը՝ գիտական, հետազոտական, մեթոդական բնույթի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են հայության տեղաշարժերին և փոխակերպումներին։
Պրոֆեսոր Գևորգյանը նկատեց՝ վերջին 120 տարվա ընթացքում այդ փոխակերպումները խիստ կարևորված են և խնդրահարույց՝ հայ էթնոսի, հայի ինքնության, պատմության, մշակութային գործունեության, լեզվական և լեզվի փոփոխության, կենսասոցիալական փոխակերպումների առումով։
Ժողովածուում տեղ են գտել 20-րդ դարում և 21-րդ դարի սկզբին տեղի ունեցած անկյունաքարային իրադարձություններից հայրենազրկումն ու Ցեղասպանությունը, Սփյուռքի ձևավորումը, հայրենադարձությունը, ներհայկական պառակտումները, սերնդափոխությունները, հայրենակերտումն ու աշխարհակարգի ձևափոխումը և այլն։
Անդրադառնալով նախ Մանկավարժականում, ապա Բեյրութի Հայկազյան համալսարանում կայացած միջազգային գիտաժողովներին՝ Սրբուհի Գևորգյանը կարևորեց ակադեմիական շրջանակի առաջադեմ ներկայացուցիչների գիտական անդրադարձը խիստ կարևորված հարցերին, նոր խոսքին, մոտեցմանը, տեսլականին, որոնք, ըստ նրա, հիմք կհանդիսանան հայ ազգի հետագա զարգացումներին, կենսակարևոր հարցերի մեկնաբանությանն ու ռազմավարության ձևակերպմանը, որոնք բազմաշերտ հարցադրումներով դրված էին գիտաժողովի հիմքում։
Բեյրութի Հայկազյան համալսարանը, որ սփյուռքահայ կրթական կառույցների շարքում միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, այս տարի նշում է հիմնադրման 70-ամյակը։ Հոբելյանի առթիվ ՀՊՄՀ-ի ռեկտորը շնորհավորեց կառույցի ներկայացուցիչներին՝ մաղթելով նոր ձեռքբերմներ և կրթական մեծ նվաճումներ։
Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայդոսթյանը Մանկավարժականի հետ գործընկերությունն իր փորձառության ամենափայլուն օրինակներից մեկն է համարում․ առաջին իսկ օրից համագործակցել են առանց խոչընդոտների, հետամուտ լինելով համատեղ զարգացումների։
Փոլ Հայդոսթյանը տրամաբանական է համարում գիտաժողովներից մեկի անցկացումը Լիբանանում․ ասում է՝ խոսելով տեղաշարժերի մասին, նախ ինքդ պետք է լինես այդ տեղաշարժի մեջ։ Ժողովածուի լույսընծայումը նա համարում է գնահատելի ջանքերի և սերտ համագործակցության արդյունք, որում կարևոր դերակատարում է ունեցել խմբագրական կազմը՝ դոցենտ Էդգար Հովհաննիսյանը, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանն ու դոկտոր Անդրանիկ Դաքեսսյանը։
«Խոսելով տեղաշարժերի և ժողովրդի ինքնության մասին, մեր երկու բուհերը կարևորում են՝ ինչ կարող են փոխանցել գալիք սերունդներին, ինչ դասեր քաղեցինք անցյալից, մեր և ուրիշների սխալներից, ինչպես ուղղել մեր ճանապարհը։ Մենք պետք է լինենք գիտականորեն քննող, մեր գործերը մշտապես քննարկող, ժողովրդին և հայրենիքին անսահման նվիրված և ոչ թե մեր նախապայմաններն ու ճաշակն առաջ մղող հանրույթ։ Այս նվիրումը պետք է լուսավորի հայության՝ անցյալից ապագան տանող ճանապարհը։ Մենք պետք է ամուր մնանք և որպես հաստատություններ լրջությամբ շարունակենք մեր գիտաշխատությունը՝ առանց ընկրկելու, թուլանալու, սովորելով անցյալից և նայելով, թե ինչպիսի ապագա պետք է կերտենք»,-նշեց Փոլ Հայդոսթյանը։
Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահն իր ղեկավարած կառույցի հոբելյանի առթիվ ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանին հանձնեց հուշանվեր՝ շնորհակալություն հայտնելով ակադեմիական կարևոր միջոցառումը համատեղ իրականացնելու համար։
Հայկական պետական մանկավարժական և Բեյրութի Հայկազյան համալսարանների համագործակցության գործում մեծ է Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դերը։ Դեկան Էդգար Հովհաննիսյանն օրը նշանակալի է համարում․ըստ նրա, նման հանդիպումները ոչ միայն գիտական արդյունք են սեղանին դնում, այլև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների պատմական էջ են բերում։
Խոստովանում է, երբ 4 տարի առաջ նոր էին սկսում համագործակցությունը, մտածում էին՝ ինչ անել, որ այն տա ցանկալի արդյունք, որ ավանդական, հայկական պատմագիտության ուղղություններին ավելացվի նաև հետազոտական ասպեկտը։ Պատմաբանը նկատում է՝ ժամանակները փոխվում են, կյանքը փոխակերպվում է և կարիք կա նոր մոտեցմամբ և մեթոդադաբանությամբ նայել հայտնի իրադարձություններին և պատմական փաստերին․ «Ներկայացված ժողովածուն և տեղ գտած թեմաները չեն գալիս վերջնական խոսք ասելու այս բնագավառում, սակայն հայտնի փաստերի մասին այսօրվա փոխակերպումների լույսի տակ նայելը խիստ անհրաժեշտ է։ Այդ առումով այս հատորն ունի կարևոր առաքելություն»,-նշեց Էդգար Հովաննիսյանն ու կայացած գիտաժողովները կարևորեց նաև Հայաստան-Սփյուռք գիտական հանրույթին կամրջելու տեսանկյունից։
Ներկայացված ժողովածուն իր յուրօրինակ բովանդակությամբ և հարցերի մոտեցման նոր հայեցակարգով արժեքավոր է համարում նաև Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական Սփյուռքի գիտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսսյանը։ Նրա կարծիքով՝ անհարժեշտ էր անցնող 120 տարվա թեմատիկ խնդիրները դիտել և քննարկել նոր իրողությամբ և դիտանկյունով, ինչը շատ բան կարող է բյուրեղացնել։
«Մեզնից յուրաքանչյուրը ձգտում է դրսևորվել այս կյանքում․ որպես մտավորականներ՝ անհրաժեշտ է կատարել մարդկային, ազգային, քաղաքացիական պարտականությունները, ընթացք տալ մեր կոչումին, իսկ այս գործընկերությունը տվեց այդ հնարավորությունը»,-նշեց բանախոսը։
Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը, որ գրքի խմբագրակազամի անդամ է նաև, հայ ժողովրդի տեղաշարժերը, տնտեսականից մինչև ժողովրդագրական առումով փոխակերպումների ուսումնասիրությունը կարևոր համարեց նաև ներկայիս տեղաշարժերի, այդ թվում՝ համաշխարհային փոխակերպումների ազդեցության առումով, մեր երկրի, հայ ժողովրդի այժմեական և ժամանակակից օրակարգ բերելու տեսանակյունից։