ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հենակետային վարժարանի ուսուցիչը վերապատրաստվեց Օքսֆորդում
05.09.2025
Հենակետային վարժարանի ուսուցիչը վերապատրաստվեց Օքսֆորդում

ՀՊՄՀ Հենակետային վարժարանի անգլերենի ուսուցիչ Լիլիթ Խլոյանը մասնակցել է Օքսֆորդի համալսարանում կազմակերպված անգլերենի ուսուցիչների ամառային սեմինարին։

Տասնյակ երկրների մասնակիցների կողքին նա Հայաստանի միակ ներկայացուցիչն էր, ինչը ոչ միայն մասնագիտական ձեռքբերում էր, այլ նաև մեծ պատասխանատվություն։

Լիլիթ Խլոյանի խոսքով՝ ամեն դասախոսություն, աշխատարան և երկխոսություն հիշեցնում էր՝ նա միայն անգլերենի ուսուցիչ չէ, այլև իր երկրի մշակույթի, կրթության և լեզվի դեսպան․«Հայաստանի փորձի ու դիտանկյունների ներկայացումը հարստացրեց քննարկումները՝ ընդգծելով բազմազանության ու փոխճանաչման կարևորությունը ժամանակակից կրթահամակարգում։ Օքսֆորդն իր հարուստ պատմություն ունեցող գրադարաններով ու ակադեմիական միջավայրի յուրահատուկ ոգով դարձավ շատ ավելին, քան պարզապես սեմինարի վայր։ Այն հաստատեց՝ գիտելիքն ու ուսուցումը կարող են հաղթահարել բոլոր սահմանները՝ միավորելով մարդկանց ընդհանուր նպատակի շուրջ»։

Լիլիթ Խլոյանը վստահեցրեց՝ Հայաստան է վերադարձել զինված նոր գաղափարներով, հարուստ ռեսուրսներով և միջազգային գործընկերների հետ ստեղծած արժեքավոր կապերով, որոնք երկար ժամանակ կծառայեն իր մասնագիտական զարգացմանն ու հատկապես աշակերտների կրթությանը։

Ամենաարժեքավոր համոզմունքը, ըստ նրա, որով նա վերադարձավ, այն է, որ Հայաստանն իր լիիրավ տեղն ունի համաշխարհային երկխոսությունների մեջ։