ՀՊՄՀ Ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանի բեմադրմամբ թատերասերների դատին հանձնվեց «Հե՜յ, ով կա․․․» ներկայացումը՝ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի համանուն ստեղծագործության հիման վրա։
Պրոֆեսիոնալ բեմում ոչ պրոֆեսիոնալներն էին՝ Մանկավարժական համալսարանի «Տանդեմ» ստուդիայի, Շենգավիթ պատանեկան ստեղծագործական կենտրոնի, «ԱիդԱրտ» թատրոնի սաները։
Ներկայացումը երիտասարդ զույգի սիրո մասին է, որը զոհ է դառնում քաղքենիների անհանդուրժողականությանը։
Հե՜յ, ո՞վ կա այդտեղ․ ներկայացման ողջ ընթացքում հերոսը «գոնե մեկնումեկ»-ի փնտրտուքի մեջ է, քանի որ պիեսում էլ Սարոյանը գրել էր․ «Մարդ պետք է միշտ մեկին ունենա իր կողքին, թե՛ ձմռանը, երբ ցուրտ է, թե՛ գարնանը, երբ հաճելի եղանակ է, թե՛ ամռանը, երբ շոգ է և կարելի է լողալ: Մարդ պետք է բոլոր ժամանակներում` անձրևին, ձյանը և ամեն տեսակի եղանակին միշտ մեկին ունենա իր կողքին, որ նրա հետ միասին քայլի մինչև գերեզման: Եվ պետք է ունենալ լավ մարդուն: Մեկին, որ, իմանալով հանդերձ, որ դու վատն ես, այնուամենայնիվ սիրում է քեզ: Ես գիտեմ, որ ես վատն եմ, բայց ինչ կարող եմ անել: Եթե դու ինձ հետ գաս, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը: Ես կդադարեմ այլևս վատ մարդ լինելուց…»։
Մերօրյա երիտասարդները՝ վաղվա արվեստագետները, ներկայացման շնորհիվ մտածելու տեղիք տվեցին, որ ամենասարսափելին անորոշությունն է և ոչինչ այնքան չի վախեցնում մարդուն, որքան չիմանալը, թե ինչ է սպասում իրեն:
Բեմադրության ռեժիսոր Աիդա Հովհաննիսյանը գոհ է արդյունքներից՝ նման ներկայացումները դժվարին, բայց հաճելի ճանապարհ են հարթում երիտասարդների համար։ Բացի այդ, դրանք յուրատեսակ դարբնոց են տաղանդների բացահայտման համար։
«Մենք պարտավոր ենք երիտասարդներին կրթել արվեստով, հատկապես՝ այսօր»,-նշեց Աիդա Հովհաննիսյանն ու վստահեցրեց, որ նրանց շարքերում են վաղվա արվեստագետները՝ լուսավոր ապագայով։
Հանդիսատեսը միակարծիք է՝ թեև Վիլյամ Սարոյանի գործերը բեմադրելը հեշտ չէ, սակայն թատրոնի ուղին բռնած երիտասարդները կարողացան պատվով հաղթահարել դժվարությունները՝ հանդիսատեսին ներկայացնելով համոզիչ դերասանական խաղ։