Շարունակվում է ՀՊՄՀ-ի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության եզակի կենտրոն հիմնելու աշխատանքները։
Ծրագրի տևողությունը 24 ամիս է․ այն միտված է ներկա և ապագա ուսուցիչների կարողությունների զարգացմանը։ Արդեն իսկ հիմնանորոգվել է 8 լսարան, կահավորման աշխատանքները ևս ավարտված են։
Մինչ հաջորդ տարվա սկիզբ՝ կիրականացվի նաև տեխնիկական զինում․ ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, տեխնոլոգիայի, աշխարհագրության և ՏՏ լաբորատորիաների համար անհրաժեշտ սարք-սարքավորումների ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակը ՀՊՄՀ-ում ժամանակակից կրթական մարտահրավերներին համապատասխան, լաբորատոր սարքավորումներով, համակարգչային տեխնիկայով հագեցած «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի հիմնումն է, ինչպես նաև ԲՏՃՄ ոլորտում գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով զինված մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը։
Ծրագրի շնորհիվ ՀՊՄՀ-ում կստեղծվի 6 լաբորատորիա, 2 կենտրոն՝ գիտական միջոցառումների և վերապատրաստման ժամանակակից սրահ և մասնագիտական կողմնորոշման և նախնական փորձառության ձևավորման լսարան: