Կայացավ ՀՊՄՀ երաժշտության մանկավարժության ամբիոնի դասախոս Արուսյակ Կոստանյանի՝ «Հայ կոմպոզիտորների երգերի դաշնամուրային փոխադրումներ՝ մեթոդական ցուցումներ» խորագրով աշխատության շնորհանդեսը։
Շնորհանդեսն ուղեկցվեց յուրատեսակ համերգով․ հնչեցին Շառլ Ազնավուրի, Տիրան ժորժ-Կառվարենցի, Աելքսեյ Հեքիմյանի, Արամ Սաթյանի, Արամ Ավագյանի, Արթուր Գրիգորյանի, Էդգար Հովհաննիսյանի և այլոց ստեղծագործությունները։ Հայտնի և սիրված ստեղծագործությունների վոկալ և գործիքային կատարումներով հանդես եկան Արուսյակ Կոստանյանը, Վազգեն Մինասյանը, Լիլի Խաչատրյանը, Արմինե Օջախյանը, Տիգրան Ալավերդյանը, Մարիաննա Ավետիսյանը և այլք։
«Հայ կոմպոզիտորների երգերի դաշնամուրային փոխադրումներ՝ մեթոդական ցուցումներ» աշխատությունը ներառում է հայ կոմպոզիտորների և երգահանների ճանաչված, առավել սիրելի երգերի դաշնամուրային փոխադրումները, որոնք ներկայացված են որպես մանրանվագներ։ Փոխադրումները նախատեսված են բարձրագույն երաժշտական հաստատությունների, քոլեջների, երաժշտական դպրոցների, ինչպես նաև կատարողական հնարավորություններ ունեցող դաշնակահարների և երաժշտասեր հանրության համար։ Դրանցից մի քանիսն ունեն տարբերակներ՝ բարդ, միջին բարդության և պարզ։
Արուսյակ Կոստանյանը վստահեցնում է՝ աշխատանքը ստեղծել է ինքնաբուխ և տարիների ընթացքում կուտակված էմոցիաների արդյունքում։
«Ընտրել եմ սիրված ստեղծագործություններ։ Փոխադրումների և մեթոդական ցուցումների ներկայացման ձևաչափը կօգնի հաղթահարել դժվարությունները, որոնք հանդիպում են ստեղծագործությունները կատարելիս»,-նշեց Արուսյակ Կոստանյան ու հավելեց, որ իր հեղինակած աշխատությունն ուղղված է երաժիշտ-կատարողների մասնագիտական-գեղագիտական կրթությանը, ճաշակի ձևավորմանն ու զարգացմանը։
Համերգ-շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը։ Վերջինս բարձր գնահատեց և' աշխատության լույսընծայումը, և' այդ աշխատանքները համերգով ներկայացնելու ձևաչափը․ «Շատ հաճելի է լսել երգեր, որոնք ժամանակին սիրված էին, ճանաչված։ Փոխադրումները վերապրեցնում են մեր կյանքը՝ յուրատեսակ նկարագրությամբ»,-նշեց Արամ Սաթյանը։