Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտության մանկավարժության ամբիոնի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ հոբելյանական համերգ՝ նվիրված ՀՊՄՀ-ի հիմնադրման 100-ամյակին:
Երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչ Սարգիս Էլբակյանը պատահական չհամարեց համերգի անցկացման վայրը՝ նկատելով՝ ուղիղ 10 տարի առաջ նույն սրահում ամբիոնը նշեց բուհի հիմնադրման 90-ամյա հոբելյանը:
Պրոֆեսոր Էլբակյանը, անդրադառնալով ֆակուլտետի ստեղծման պատմությանը, ընդգծեց՝ կառույցն իր գործունեության 60 տարվա ընթացքում անվանի հիմնադիրներով և մանկավարժներով հանրապետության կրթագիտական, մշակութային կյանքում ունեցել է առանձնահատուկ նշանակություն:
Ցիցիլյա Բրուտյան, Էմմա Ծատուրյան, Յակով Զարգարյան, Էդուարդ Էլբակյան, Կարլեն Թոփչյան, Ռոբերտ Բաբուրյան, Լորետա Աղասարյան, ժողովրդական և վաստակավոր այլ արտիստներ, նշանավոր երաժիշտներ ու ստեղծագործողներ.Սարգիս Էլբակյանը նկատում է՝ ֆակուլտետի նվիրյալների գործն այսօր էլ պատվով շարունակում են երիտասարդ սերնդի տաղանդավոր գործիչները:
Երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչը Գեղարվեստական կրթության ֆակուլտետի առանձնահատկություններից մեկը համարեց, կրթադաստիարակչական առաքելությունից բացի, կատարողական և ստեղծագործական գործունեության ծավալումը.«Հանդիսատեսն այսօր հնարավորություն ունի ըմբոշխնելու դասախոսների և ուսանողների կատարողական արվեստի համագործակցության արդյունքը»:
«100 տարվա մեջ 60 տարին կարևոր ժառանգություն է. հնչեցին արվեստի ներկայացուցիչների, բազմավաստակ մանկավարժների անուններ, որոնք իրենց ստեղծագործական երևակայության սահմաններում ուրվագծված մասնագիտական պահանջմունքների դրսևորման իմացական բաղադրիչը կապել են Մանկավարժականի հետ: Հոբելյանական տարին ապացուցեց՝ ֆակուլտետը շարունակում է առանձնանալ բարձրաճաշակ միջոցառումներով, որտեղ կուտակված են մասնագիտական հույզերի, իմացական պահանջմունքների, ստեղծագործական կարողությունների և մանկավարժական կրթության հարուստ արժեբանություն»,-իր խոսքում նշեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և հավելեց՝ նրանք, ովքեր պատիվ ունեն կրթելու ուսանողներին, հասարակության այլ շերտերին ևս ապահովում են իրական արվեստով և ոգեղենությամբ:
Համերգի ընթացքում ֆակուլտետի ուսանողները, Երաժշտության մանկավարժության ամբիոնի դասախոսները, որոնցից շատերը նաև միջազգային և հանրապետական մի շարք մրցույթների դափնեկիրներ են, հանդիսատեսին հիացրին կատարողական բարձր արվեստով և վարպետությամբ:
Ելույթ ունեցան Գեղարվեստական կրթության ֆակուլտետի վոկալի, քանոնահարների, ակորդեոնահարների անսամբլները: Հնչեցին հայ և համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների՝ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ռոմանոս Մելիքյանի, Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի, Ստեփան Լուսիկյանի, Արմեն Սմբատյանի, Յոզեֆ Հայդնի և այլոց ստեղծագործությունները: