Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Հոգեբանության ամբիոնն այսօր անվանակոչվեց հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անունով։
Վերջինս Հոգեբանության ամբիոնի հիմնադրիրն է․ 1951 թվականին իր նախաձեռնությամբ ստեղծված ամբիոնն ակադեմիկոսը ղեկավարել է մինչև 1977 թվականը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էր բուհի ղեկավար, դասախոսական կազմը, ուսանողներ։
«Մեկ դար շարունակ մասնագետներ պատրաստող բուհը մշտապես համալրված է եղել բազմաշնորհ ականավոր գործիչներով, մանկավարժներով և հոգեբաններով, որոնց ժառանգության հիմնական թեզերին ծանոթանալը, վերագնահատելը կարևոր խորհուրդ ունի։ Հոգեբանության ամբիոնի՝ Մկրտիչ Մազմանյանի անունով կոչելը կարևոր է նաև սոցիալական մասնագիտական ձեռագրաբանության տեսանկյունից»,- նշեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը։
Բուհի ղեկավարն անդրադառնալով ակադեմիկոսի գործունեությանը՝ արժևորեց հայ հոգեբանության մեջ ունեցած նրա ավանդը, ստեղծագործական հոգեբանության, մասնավորապես՝ ստեղծագործական պրոցեսում անգիտակցականի ունեցած նշանակության, հոգեբանության պատմության և տեսության վերաբերյալ բարձրացրած հարցերը։
Ի դեպ, 1957 թվականին Մկրտիչ Մազմանյանի նախաձեռնությամբ Մանկավարժական համալսարանում հիմնադրվել է Հայաստանում առաջին հոգեբանության պրոբլեմային լաբորատորիան։
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը նկատում է՝ բոլոր ժամանակներում պետք է գնահատել ոլորտի հիմնաքարերին, գիտության հսկաներին․նրանց շնորհիվ է, որ այսօր գործում և արարում է մեկ այլ սերունդ․«Այսօրվա օրը, վաղվա պատմությունն է»,-հավելեց դեկանը։
Մկրտիչ Մազմանյանի անվան Հոգեբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը ևս բարձր գնահատեց ակադեմիկոսի հսկայածավալ ավանդը Մանկավարժական համալսարանում հոգեբանական գիտության ձևավորման, զարգացման, ամբիոնի, գիտահետազոտական լաբորատորիայի կազմավորման, հոգեբան-մասնագետների պատրաստման գործում։
Լևոն Սարգսյանն ընդգծեց մասնագիտական ոլորտում մեծերին արժևորելու, նրանց ավանդն ու գործունեությունը շարունակելու կարևորությունը։
Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի դոցենտ Լուսիկ Քուրքչյանը եղել է ակադեմիկոսի ասպիրանտը: Խոստովանում է՝ հուզված է․ իրականացավ կյանքի վաղեմի երազանքը։
«Բոլորը հիանում էին Մկրտիչ Մազմանյանի իմացությամբ. նրա հետաքրքրությունների ոլորտը շատ մեծ էր։ Չտեսնված գիտեր նաև պոեզիա, գրականություն: Ֆենոմենալ հիշողությամբ իդեալական մարդ՝ տարբեր ոլորտների վերաբերյալ գիտելիքների մեծ պաշարով: Նրան բարձր էին գնահատում նաև երկրից դուրս»,-նշեց Լուսիկ Քուրքչյանն ու վերհիշեց՝ գիտնականները մշտապես պնդում էին՝ Մազմանյանն ունիկալ անհատականություն է․ պահպանեք նրան: