Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակության կազմում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում էր:
Պեկին կատարած պաշտոնական այցի ընթացքում Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՉԺՀ կրթության նախարար Չեն Բաո Չենի հետ, որի ընթացքում քննարկել են երկրների միջև համագործակցության ընդլայնման և կապերի ամրապնդման վերաբերյալ մի շարք հարցեր:
Չինաստանի կրթության նախարարը վերահաստատել է Պեկինի օտար լեզուների համալսարանում «Հայոց լեզու» առարկային մշտական մասնագիտության կարգավիճակ տալու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Նախարարը ողջունել է նաև Պեկինի մանկավարժական և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` համատեղ ծրագրեր իրականացնելու և կրկնակի դիպլոմ տրամադրելու ուղղությամբ:
Կողմերը պայմանավորվել են գարնանը կազմակերպել Պեկինի մանկավարժական համալսարանի և Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի պատվիրակների այց Հայաստան, որի ընթացքում կկնքվեն համապատասխան պայմանագրեր: Երկու նախարարները մանրամասն քննարկել են Հայաստանում կառուցվող չինական դպրոցի գործունեության հեռանկարները, կարևորել դպրոցին տարածաշրջանային նշանակություն տալու հարցը, ինչպես նաև վերապատրաստումների համակարգ ունենալու հնարավորությունը:
Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Երևանի չինական դպրոցի կառուցման աշխատանքներին չինական կողմի աջակցության համար՝ ընդգծելով, որ նախագիծը կյանքի է կոչվել երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում: Քննարկվել են նաև երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և կապերի ամրապնդման մի շարք հարցեր:
Չինաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Պեկինի մանկավարժական համալսարանի ռեկտոր Դոնգ Ցինի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների մանկավարժական բուհերի կրթական համագործակցության զարգացման` մասնավորապես ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ գիտակրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Հանդիպում է եղել նաև Պեկինի օտար լեզուների համալսարանի ղեկավարության հետ, իսկ Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի (Հանբան) տնօրենի պաշտոնակատար Սիա Ձիենհուիի հետ հանդիպման ընթացքում Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Կոնֆուցիուսի կենտրոնին չինական կողմի ցուցաբերած աջակցության համար` շեշտելով, որ այն մեր երկու երկրների միջև կրթական և մշակութային առումով կարևոր օղակ է:
Այդ համատեքստում նախարարը նշել է նաև, որ Երևանում կառուցվող չինական դպրոցի գործունեության մեկնարկից հետո խիստ կարևորվելու է կենտրոնի դերակատարումը` Հայաստանի մանկավարժական կադրերի վերապատրաստման և տեղական կադրերով համալրելու առումով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ աշխատանքային ծրագիր մշակել Երևանում չինական դպրոցի աշխատանքներին աջակցելու ուղղությամբ: Քննարկվել է նաև Կոնֆուցիուսի ինստիտուտների ցանցի կողմից Հայաստանին տրամադրվող կրթաթոշակների մեթոդի արդիականացման հարցը, կարևորվել կոնկրետ ուղղություններով դասախոսական կադրերով ապահովելու խնդիրը:
Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի տնօրենի պաշտոնակատարը բարձր է գնահատել Կոնֆուցիուսի կենտրոնի Հայաստանի մասնաճյուղի գործունեությունը: Անդրադառնալով մեր ժողովուրդների հնամյա պատմությանը` նա նշել է, որ մեր երկու ժողովուրդները դարերի ընթացքում կարողացել են պահպանել ու պաշտպանել իրենց քաղաքակրթությունն և ինքնությունը: