Սեպտեմբերի 20-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց հրաձգության միջբուհական առաջնություն, որին մասնակցում էին հայաստանյան 11 բուհերի թիմեր:
Հայկական պետական մանկավարժական համալսարանը ևս իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Համալսարանական սպորտի միջազգային օրվան նվիրված և առաջին անգամ անցկացվող առաջնությանը:
ՀՊՄՀ-ի թիմում ընդգրկված էին բուհի Սպորտի և Շախմատի ամբիոնի դասախոս Իվան Կարապետյանը, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Անուշ Նալբանդյանն ու Աշոտ Խաչատրյանը:
77 միավորով Մանկավարժական համալսարանի թիմը զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը, 76 միավորով 2-րդ հորիզոնականում էր Տնտեսագիտական համալսարանը, իսկ 3-րդում՝ Երևանի պետական համալսարանը ՝ 73 միավորով:
Առաջնությունում ՀՊՄՀ-ի հավաքականի անդամ Անուշ Նալբանդյանն անհատական մրցույթում զբաղեցրեց 3-րդ պատվավոր հորիզոնականը:
Հաղթողները ստացան պատվոգրեր և մրցանակներ:
«Մանկավարժականում սպորտի դասաժամին անցկացվում են նաև հրաձգության պարապմունքներ, ինչով էլ թերևս պայմանավորված էր մեր թիմի հաղթանակը»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Սպորտի և շախմատի ամբիոնի վարիչի տեղակալ Սուրեն Բարսեղյանը՝ վստահեցնելով՝ տարբեր սպորտաձևերում նոր հաղթանակներ ևս սպասվում են: