ՀՊՄՀ-ի 8 ուսանող հուլիսի 21-ից օգոստոսի 3-ը մասնակցեց Ուրալի դաշնային համալսարանի կազմակերպած «Ամառային համալսարան» ամենամյա նախագծին։ Այն անցկացվեց ՌԴ-ի գիտության և բարձրագույն կրթության նախարարության և «Սոցիոկենտրոն» դաշնային պետական ինքնավար հաստատության աջակցությամբ:
Նախագծին մասնակցում էր ավելի քան 300 ուսանող՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Ղրղզըստանից, Հարավային Օսիայից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Հնդկաստանից, Վիետնամից, Սերբիայից, Հորդանանից, Հարավային Աֆրիկայից, Սերբական Հանրապետությունից և Շրի Լանկայից:
Նախագիծը մասնակիցներին եզակի հնարավորություն տվեց ծանոթանալ Ռուսաստանի մեկդարյա պատմություն և հարուստ ավանդույթներ ունեցող առաջատար համալսարաններից մեկին, շփվել առաջադեմ տեխնոլոգիական կազմակերպությունների և կրթական ոլորտի լավագույն մասնագետների հետ, մասնակցել դասախոսությունների, բանավեճերի, երիտասարդական միջոցառումների, կինոդիտումների, սպորտային մրցումների։
«Ամառային համալսարան» ծրագրի ղեկավար Յանա Վիսոցկայան փակման արարողությանը հույս հայտնեց, որ մասնակիցները կարողացան ընկղմվել տարբեր երկրների մշակույթի, լեզուների, և, իհարկե, Ուրալի հյուրընկալության և մշակույթի մեջ, ձեռք բերեցին գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն նրանց ապագայում․«Այս տարվա գլխավոր թրենդը թիմ ձևավորելու ունակությունն էր։ Դուք տարբեր ձևաչափերում և տարբեր միջոցառումների ժամանակ թիմեր էիք ձևավորում. սա իսկապես շատ օգտակար և կարևոր հմտություն է, որը ձեզ անպայման պետք կգա ապագայում»։
Ծրագրի մասնակիցները ևս կարևորեցին թիմային աշխատանքի հմտությունների ձեռքբերումը, հակամարտություններից խուսափելու, ընդհանուր լեզու գտնելու և ճիշտ եզրակացությունների գալու ունակությունը։