ՀՊՄՀ-ի և ՌԴ Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցությունը շարունակվում է։
Կրթական հաստատությունները համագործակցում են նաև ուսանողական շրջանակներում․ ռուսական բուհի նախաձեռնությամբ ստեղծվել է «Ուշինսկու ակումբ» միջազգային երիտասարդական բանավեճի ակումբ, որին միացել են նաև ՀՊՄՀ-ականները։
Նախագծի յուրահատկությունն այն է, որ ակումբի միջոցով ուսանողները հնարավորություն ունեն խոսել միջազգային միասնական լեզվական տարածքում, հանդիպել հայտնի բանախոսների և փորձագետների, փոխանակվել փորձով, տեսակետներ հնչեցնել ոլորտի որոշակի խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ մանկավարժության, պատմության, մշակույթի, ինչպես նաև ներգրավվել մասնակից երկրների միջպետական հարաբերությունների զարգացման պետական ուղեցույցներում։
Մանկավարժի տարվա առթիվ արդենիսկ կայացել է երկու առցանց հանդիպում՝ «Ապագայի դպրոցը, ապագայի ուսուցիչը» և «Հասարակության ծուլության պատճառները ժամանակակից բարձր տեխնոլոգիանների աշխարհում» թեմաներով։
Ակումբի անդամ է նաև ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանող, Ուսանողական խորհրդի փոխնագահ Կարինե Ավալյանը։ Վերջինս կարևորեց նախաձեռնությունը, բարձրացրած խնդիրները, դրանց լուծումներ տալու երիտասարդների ջանքերը։ Նկատում է՝ հակասություններ քննարկումների արդյունքում ևս լինում են․ լիահույս է, սակայն, որ հանդիպումները, անկախ տեսակետների տարբերությունից, կլինեն կառուցողական։
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Ռաֆայել Կրդյանն էլ հավելեց, որ բազմաոլորտային քննարկումների շնորհիվ ի հայտ եկան ապագայի վերաբերյալ մի շարք մտքեր, այդ թվում՝ մանկավարժության վերաբերյալ, որոնք կկիրառվեն նաև գործնականում։
Աբովյանակնները նշեցին, որ ակումբի գործունեությունը շարունակական կլինի։ Վստահ են՝ այն կլինի փոխշահավետ՝ ի նպաստ երիտասարդ մասնագետների։