2013 թվականից Մանկավարժական համալսարանն անդամակցում է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը. այն միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ, հետազոտական կենտրոններ, ինչպես նաև դպրոցներ:
Գործակալությունը հնարավորություն է ընձեռում անդամակցող հաստատության՝ ֆրանսերեն լեզվին տիրապետող անձնակազմին և ուսանողներին դիմելու տարբեր դրամաշնորհային ծրագրերի և արտերկրում անցնել կարճաժամկետ և երկարաժամկետ ուսուցում կամ վերապատրաստում:
Մանկավարժական համալսարանի Միջազգային համագործակցության բաժնի կողմից կազմակերպած տեղեկատվական սեմինարների արդյունքում բուհի 3 ուսանող դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու նպատակով դիմել է Ֆրանկոֆոնիայի գործակալություն. ֆինանսավորում ստացել է նրանցից 2-ը:
Մասնավորապես` օտար լեզուների ֆակուլտետի ֆրանսերեն լեզու և գրականություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Գեղեցիկ Հակոբյանը ընթացիկ տարվա մարտ ամսվա ընթացքում իր մանկավարժական մեկամսյա պրակտիկան կանցկացնի ֆրանսիայի Լիլ քաղաքի Մանկավարժական համալսարանում, իսկ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական մանկավարժություն բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Սարգսյանը կմասնակցի ապրիլի 11-15-ը Բուխարեստում կայանալիք Ֆրանկոֆոնիայի ուսանողական փառատոնին:
Փառատոնի նպատակը տարբեր երկրներից ժամանած երիտասարդների միջև միջմշակութային հաղորդակցության հարթակ ստեղծելն է: Ծրագիրը ներառում է մշակութային, ստեղծագործական միջոցառումներ, տարբեր մշակույթների բացահայտման երեկոներ, ինչպես նաև մրցույթներ: