ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ասպիրանտը՝ ֆրանսախոս ուսանողների փառատոնում
26.05.2017
ՀՊՄՀ-ի ասպիրանտը՝ ֆրանսախոս ուսանողների փառատոնում

Մայիսի 15-19-ը Մանկավարժական համալսարանի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի ասպիրանտ Անուշ Սարգսյանը Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մասնակցեց Զագրեբում կայացած ֆրանսախոս ուսանողների փառատոնին:

Փառատոնը նպատակ ուներ մեկ գաղափարի շուրջ համախմբել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 20 երկրի 65 ուսանողների, ինչպես նաև երիտասարդների միջև ստեղծել միջմշակութային հաղորդակցության հարթակ:

Հնարավորություն ընձեռնվեց լսելու պրոֆեսորներ Պավաո Մաշիչի և Դավոր Պավունայի դասախոսությունները, ովքեր կիսվեցին հաջողության իրենց պատմություններով` նախանշելով գիտական կարիերա ստեղծելու, մասնագիտական աճի հնարավոր ուղիները:

Քննարկվեցին ֆրանսերենը որպես մասնագիտական առաջընթացի միջոց օգտագործելու հետ կապված հարցեր, ներկայացվեցին մի շարք կրթաթոշակային ծրագրեր, որոնց կարող են դիմել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ համալսարանների ուսանողները:

Փառատոնի շրջանակներում կազմակերպված մշակութային երեկոների ընթացքում հայաստանյան պատվիրակները ներկայացրին հայկական մշակույթը, ծանոթացան նաև այլ երկրների մշակույթին, սովորույթներին, ազգային երգերին ու պարերին:

Նման միջացառումներին մասնակցելը լեզվական հմտությունները զարգացնելու լավագույն ձևերից է, իսկ օտար լեզվի իմացությունը մասնագիտական աճի ու առաջընթացի գրավական:

Չնայած գերհագեցած օրակարգին՝ հնարավորություն ընձեռնվեց նաև այցելել Զագրեբ քաղաքի պատմական ու մշակութային մի քանի կենտրոններ` Զագրեբի Մայր տաճար, Սուրբ Մարկի տաճար, մի քանի առաջատար կրթական հաստատություններ ու թանգարաններ: