ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային այց՝ Մեծ Բրիտանիայի Կիլի համալսարան
04.07.2022
Աշխատանքային այց՝ Մեծ Բրիտանիայի Կիլի համալսարան

ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը 2018 թվականից Էրազմուս+ ծրագրի շրջանակներում արդյունավետ համագործակցում է Մեծ Բրիտանիայի լավագույն կրթական հաստատություններից մեկի՝ Կիլի համալսարանի հետ:

Հունիսի 13-24-ը ՀՊՄՀ Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանը և ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ասիստենտ Գուրգեն Ասատրյանը փոխանակման ծրագրով երկշաբաթյա աշխատանքային այցով կրկին Կիլի համալսարանում էին:

Այցի ընթացքում Մանկավարժականի պատվիրակները մի շարք հանդիպումներ և սեմինարներ ունեցան համալսարանի դասախոսական կազմի և ասպիրանտների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Կիլի համալսարանում մանկավարժի որակավորում ստանալու համար անհրաժեշտ առարկայական մոդուլներն ու ծրագրերը, ինչպես նաև դոկտորական կրթության կազմակերպման գործընթացը:

Կողմերը քննարկեցին նաև համատեղ նոր հետազոտական աշխատանքների ու հոդվածների տպագրության հարցեր, ձեռք բերվեց  գիտահետազոտական և կրթական համագործակցության շարունակելիության վերաբերյալ պայմանավորվածություններ:

Նշենք, որ այս ուսումնական տարում, հետազոտություն իրականացնելու նպատակով, փոխանակման ծրագրով մեկ կիսամյակով Կիլի համալսարանում էր նաև Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մաթեմատիկա բաժնի ասպիրանտ Սաբինա Գասպարյանը։