Մանկավարժական համալսարանի Երաժշտության մանկավարժության ամբիոնի դոցենտ Լիլիկ Խաչատրյանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի:
Իտալիայի Պեզառո քաղաքում կայացած միջազգային մրցույթին մասնակցում էին 9 երկրներից շուրջ 200 երաժիշտ-կատարողներ:
Մրցույթին Հայաստանը ներկայացրին Երևանի արվեստի համար 1 դպրոցի սան, շվիահար Մինաս Աբրոյանն ու կոնցերտմայստեր, Մանկավարժականի դոցենտ Լիլիկ Խաչատրյանը: Միջազգային ժյուրիին ու հանդիսատեսին նրանք ներկայացրին Գրիգոր Հախինյանի «Ինտերմեցցո» ստեղծագործությունը:
Ժյուրին բարձր գնահատեց հայ մասնակիցների կատարողականությունը՝ ընդգծելով, որ հիացած են ազգային փոքրիկ գործիքով նման բարդ ստեղծագործության կատարմամբ: Արդյունքում՝ «Ազգային գործիքներ» անվանակարգում հայ մասնակիցներն արժանացան 2-րդ մրցանակի:
«Չնայած բազմաթիվ հեղինակավոր մրցույթների եմ մասնակցել, սակայն սա առանձնանում էր մի կարևորագույն հանգամանքով՝ մրցում էին տարբեր տարիքի և ազգերի ներկայացուցիչներ, համատեղ կարողացանք գրանցել մեծ հաջողություն և մեզ, և երկրի համար»,- old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Լիլիկ Խաչատրյանն ու հավելեց՝ ուրախ է, որ կարողացան ազգային դասականն աշխարհին ներկայացնել պատշաճ մակարդակով: