ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի գեղանկարիչները մասնակցեցին միջազգային պլեների
05.10.2016
ՀՊՄՀ-ի գեղանկարիչները մասնակցեցին միջազգային պլեների

Օրերս Մանկավարժական համալսարանի 4 դասախոս մասնակցել է Լիտվայի Նիդա քաղաքում կայացած միջազգային պլեներին: Հայկական պատվիրակությունը ղեկավարել է բուհի Կերպարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ֆարաոն Միրզոյանը:

Միջազգային պլեներին մասնակցել են նկարիչներ Հայաստանից, Հնդկաստանից, Լեհաստանից, Գերմանիայից, Սերբիայից, Բելառուսից և Ռուսաստանից:
Օրեր շարունակ հայ և այլ ազգի նկարիչներն աշխատել են, ստեղծագործել նավահանգիստներով և բազմաթիվ այլ տեսարժան վայրերով հարուստ քաղաքում, այնուհետև Նիդայի «Ագիլա» մշակույթի կենտրոնում ունեցել աշխատանքների համատեղ ցուցադրություն:

Ֆարաոն Միրզոյանի կարծիքով միջազգային պլեներները տարբեր երկրների արվեստին ծանոթանալու, դրանց առանձնահատկությունները սեփական ստեղծագործություններում կիրառելու բացառիկ հնարավորություն են: Մանկավարժական համալսարանի՝ միջազգային պլեներ կազմակերպելու նախորդ տարվա հաջող փորձը իսկական առիթ էր սկզբնավորելու տարբեր երկրներում նման պլեներներ կազմակերպելու համար:

«Այլազգի նկարիչների հետ շփումը, եվրոպական երկրներում ժամանակակից կերպարվեստի զարգացումը նրանց հետ քննարկելը կտա իր ցանկալի արդյունքը նկարչի ստեղծագործական կյանքում»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Ֆարաոն Միրզոյանն ու վստահեցրեց, որ Լիտվայի միջազգային պլեների ՀՊՄՀ-ից մասնակից դասախոսները հետևություններ կանեն և ձեռք բերված նորը դասախոսությունների միջոցով կփոխանցեն ուսանողներին, իսկ ստեղծագործությունների շնորհիվ՝ արվեստասերներին:

Ֆարաոն Միրզոյանը հավելեց նաև, որ հայաստանյան պլեները մեծ արձագանք էր գտել օտարազգի նկարիչների շրջանում, իսկ Ազգային պատկերասրահում նրանց աշխատանքների ցուցադրության կազմակերպումն ու այդ նկարները պատկերասրահի ֆոնդին նվիրաբերելը իրենց համար մեծագույն հպարտություն է:

Նկարիչ Արթուր Մարտիրոսյանը պլեներային 9 օրերի ընթացքում 10 կտավ է ստեղծել: Խոսելով անցկացրած օրերի մասին՝ խոստովանում է. «Մեր առջև ստեղծագործելու մեծ ներշնչում ունեցող Բալթիկ ծովն էր իր ողջ գեղեցկությամբ, ինչը հնարավորություն տվեց ճանաչել բնության այդ հատվածի խորությունը, վերհանել դրա հոգևոր շերտերը»:

Գեղանկարիչը հավելեց նաև, որ պլեները հնարավորություն տվեց համագործակցելով այլազգի նկարիչների հետ՝ գնահատել սեփական աշխատաքները, դրա ուժը:

Ծովից ծով Հայաստանի երազանք ունեցող գեղանկարիչ Մարտիրոս Բադալյանը պլեներային ողջ օրերի ընթացքում միայն ծով է նկարել, որն ամեն ժամ փոխում էր գույներն ու դառնում իսկական ներշնչանք և ստեղծագործական փնտրտուքների առիթ նկարիչների համար:

Գայանե Եղիազարյանի կարծիքով էլ միջազգային պլեներները նպաստում են տարբեր ազգերի ստեղծագործություններում բացահայտել և գնահատել սեփականը, ծանոթանալ մոտեցումներին, կատարել մասնագիտական նոր բացահայտումներ. «Նման ձեռնարկներում փորձ է արվում համադրել ազգայինն ու ժամանակակիցը, ինչպես նաև վերցնել այլ ազգերի լավագույնը»,-նշեց նկարչուհին:

Նշենք, որ միջազգային պլեներները կլինեն շարունակական. առաջիկայում նման ձեռնարկ նախատեսված է անցկացնել Վիլնյուսում: