Վերջերս Ռուսաստանի Դաշնության Կազանի Համալսարանի Ելաբուգայի ինստիտուտի կողմից անցկացվեց դպրոցների ուսուցիչների հերթական 6-րդ Միջազգային փառատոնը, որին մասնակցելու հրավեր էր ստացել նաև Մանկավարժական համալսարանը:
ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Մարինա Վենգրժանովիչը միջազգային փառատոնի շրջանականերում անցկացրեց վարպետության դաս՝ «Հայոց պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ինտեգրված դաս–դատավարություն՝ նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին։
Ինտեգրված դասերի դիդակտիկ նյութերի առանձնահատկությունների վերաբերյալ վարպետության դասն արժանացավ ներկաների ուշադրությանը, հնչեցին հարցեր նաև հայաստանյան կրթական ոլորտի վերաբերյալ:
«Նման փառատոնները շատ արդյունավետ են, նպաստում են ուսուցիչների փորձի փոխանակմանը և նոր հորիզոններ բացում երիտասարդության կրթության և դաստիարակության պատասխանատու գործընթացներում»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Մարինա Վենգրժանովիչն ու հավելեց՝ շուրջ 250 մասնակից ունեցող փառատոնը կազմակերպված էր բարձր մակարդակով. այդ շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Լատվիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ–ի, Իսրայելի բուհերի առաջավոր մասնագետներն անցկացրին բազմաբովանդակ դասախոսություններ, քննարկումներ վարպետության դասեր, բանավեճեր։
Ի դեպ, կազմակերպիչների կողմից հատուկ շնորհակալագիր տրվեց ՀՊՄՀ–ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին՝ ակնկալելով և կարևորելով հետագա համագործակցությունը, իսկ Մարինա Վենգրժանովիչին հաջողված վարպետության դաս կազմակերպելու համար՝ հավաստագիր: