Մայիսի 26-30-ը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում Ռումինիայի Դմիտրի Կանտեմիրի համալսարանում էին Հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները։
Պատվիրակության կազմում էին Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի գիտության և միջազգային համագործակցության գծով փոխդեկան, դոցենտ Մարինե Մաթոսյանն ու Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Փանոսյանը։
Աշխատանքային այցի նպատակն էր ամրապնդել և զարգացնել երկու բուհերի միջև ձևավորված համագործակցությունը, ինչպես նաև խթանել փորձի փոխանակումը միջազգային կրթական ծրագրերի և գիտահետազոտական գործընթացների ոլորտներում։
ՀՊՄՀ-ի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Դմիտրի Կանտեմիրի համալսարանի Միջազգային համագործակցության բաժնի, Աշխարհագրության և տուրիզմի ֆակուլտետի ներկայացուցիչների, ինչպես նաև Վիետնամի համալսարանի պատվիրակության հետ։
Քննարկեցին միջազգային ուսանողների և դասախոսական կազմի ներգրավմամբ շարժունության ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, համատեղ գիտական հոդվածների և հետազոտական նախագծերի իրականացման հեռանկարները։
Պատվիրակության անդամները մասնակցեցին նաև ժամանակակից հետազոտական մեթոդների կիրառմանը նվիրված քննարկման․ այն կնպաստի գիտակրթական միջավայրի հարստացմանն ու հետագա համագործակցության խորացմանը։