Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Բուդապեշտի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանների միջև 2016 թվականին ստորագրվեց երկկողմ համաձայնագիր, որի նպատակն է խթանել բուհերի համագործակցությանն ու ակադեմիական փոխանակմանը. այն վավերացրին հաստատությունների ռեկտորներ Ռուբեն Միրզախանյանն ու Սուրոմի Սաբոլչը:
Համագործակցության շրջանակներում Բուդապեշտի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալասարանի պատվիրակությունը՝ հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետի դեկան Գեորգի Ֆյոդորի գլխավորությամբ, օրերս Մանկավարժական համալսարանում էին:
Հոկտեմբերի 21-24 Մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ, փոխադարձ այցով հյուրընկալվեցին Բուդապեշտի Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանում:
Այցի շրջանակում ՀՊՄՀ-ի պատվիրակությունը մասնակցեց կաթոլիկ համալսարանի կոչումների շնորհման հանդիսավոր արարողությանը, այնուհետև Կաթոլիկ համալսարանում տեղի ունեցավ հայագիտական ամբիոնի պաշտոնական բացումը: Հունգարիայում միակ հայգիտական ամբիոնի բացումը տեղի ունեցավ ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի կողմից:
Նորաբաց հայգիտական ամբիոնի վարիչ նշանակվեց հունգարացի հայագետ, նույն համալսարնի դասախոս դոկտոր Բալինտ Կովաչը.ամբիոնում դասավանդում են հայագետներ Վահե Թաշճյանը և էլկե Հարթմանը: Հունգարիա կատարած այցի ընթացքում ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդիպեց նաև կարդինալ, Էստերգոմ-Բուդապեշտի արքիեպիսկոպոս, նախկինում Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ռեկտոր, գերաշնորհ Կարդինալ Պիտեր Էրդոյի, Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ռեկտոր Սուրոմի Սաբոլչի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության շրջանակում իրականացվելիք ծրագրերը, անդրադարձ կատարվեց հայ-հունգարական պատմական կապերին, նորաբաց հայագիտական ամբիոնի գործունեությանը:
Ռուբեն Միրզախանյանը Պազմանի համալսարանում հանդես եկավ «Հայկական կրթական համակարգը» թեմայով դասախոսությամբ: ՀՊՄՀ-ի ռեկտորին շնորհեցին Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի բարձրագույն պարգևը՝ «Պիտեր Պազմանի» մեդալ:
Համագործակցության շրջանակում Erasmus+ կրեդիտային շարժունության ծրագրով Մանկավարժական համալսարանի երկու ուսանող հնարավորություն են ստացել իրենց ուսումնառությունը շարունակել կաթոլիկ համալսարանում՝ մեկ կիսամյակ: Փոխադարձաբար սպասվում է նաև հունգարացի ուսանողների այցը ՀՊՄՀ:
Ի դեպ, նախօրոք կնքած պայմանգարով նախատեսվում է զարգացնել գիտական ու կրթական համագործակցությունը երկու համալսարանների միջև, իրականացնել ուսանողների և դասախոսական կազմի փոխանակման ծրագրեր: Ինչպես նաև համագործակցության հայագիտության բնագավառում: Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանում պաշտոնապես բացվեց Հայագիտության ամբիոն:
Նշենք նաև, որ 2016թ. սեպտեմբերից Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի պատմության ինստիտուտի ուսանողներին հնարավորություն է տրվել ստանալ հայագիտության գծով մասնագիտացում և արդեն մեկ տասնյակից ավելի համալսարանի ուսանողներ նախապատվությունը տվել են հենց այդ մասնագիտացմանը: Իսկ 2017թ. այդ համալսարանը իրականացնել առանձին հայագիտություն մագիստրոսական կրթական ծրագիր:
Այսպիսով, գիտական և կրթական համագործակցությունը Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի միջև և հատկապես այդ համալսարանում Հայագիտության ամբիոնի հիմնականում և առաջիկայում նախատեսվող հայագիտություն մագիստրոսական կրթական ծրագրի բացումը, կարևոր քայլ է Եվրոպայում հայագիտության զարգացման ուղղությամբ:
Հայտնի է, որ հատկապես վերջին տարիներին աշխարհի շատ հայագիտական կենտրոններ ու ամբիոններ տարբեր պատճառներով կամ փակվում են, կամ էլ փակման եզրին են: Ներկայում օրակարգային խնդիր է օտարազգի երիտասարդ հայագետների պատրաստումը: Ուստի, Բուդապեշտի Պիտեր Պազմանի անվան համալսարանում առաջին անգամ Հայագիտության ամբիոնի հիմնումը նոր էջ կարող է բացել հայագիտության զարգացման ասպարեզում:
Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանը բարձրագույն պետական ուսումնական հաստատություն է, որը ղեկավարվում է կաթոլիկ եկեղեցու և Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսարանի կողմից: Համալսարանը հիմնադրվել է 1635թ-ին Օսմանյան շրջափակման տարիներին, երբ արքեպիսկոպոս Պիտեր Պազմանին կառուցեց համալսարանը, որը դարակազմիկ նշանակություն ունեցավ Եվրոպայի կրթության և կրոնական մշակույթի պահպանման գործում: Նա համոզված էր, որ համալսարանը ազգի գոյատևման , բարոյական և մտավոր մշակույթի պահպանման միակ երաշխիքն է :