Դեկտեմբերի 13-17-ը ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը, փոխդեկան, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը և Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը Էրազմուս+ ծրագրի շրջանակում դասախոսություններով հանդես եկան Բուդապեշտի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտության բաժնում:
Բանախոսները ներկայացրել են «Գաղութից սփյուռքի անցման գործընթացը», «Հայոց ցեղասպանությունը. գործընթացը և հետևանքները», «Անդրկովկասի խորհրդայնացումը» թեմաներով դասախոսությունները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել հայ և հունգար ուսանողների շրջանում :
Դասախոսություններին հաջորդել են հանդիպում-քննարկումներ, որի ընթացքում ներկայացվել են Հունգարիայի բուհերում սովորող շուրջ երեք տասնյակ ուսանողների հետ առավել սերտ համագործակցության, հայ ուսանողական միություն հիմնելու հարցեր և այլն:
Բուհերի միջև հետագա համագործակցությունը շարունակելու և ամրապնդելու վերաբերյալ հանդիպումներ են եղել Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի Միջազգային հարաբերությունների գրասենյակի ղեկավար Ռիխարդ Սոմարջայի-Դորֆլեյնի և Էրազմուս+ ծրագրի համակարգող Հենրիետա Նովակի հետ:
Հիշեցնենք, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Բուդապեշտի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանների միջև 2016 թվականին ստորագրվել է երկկողմ համաձայնագիր, որի շրջանակում բուհում պաշտոնապես բացվել է Հայագիտության ամբիոն: