Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի գնահատում և խրախուսման է արժանացնում մշակույթի և գիտության ոլորտի լավագույններին:
Արդեն 28-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության ընթացքում մրցանակ հանձնվեց յոթ անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Թատերական արվեստ, Կերպարվեստ, Քանդակ, Լրագրություն և Գեղարվեստական լուսանկարչություն։
«Հայագիտություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվեց ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանին՝ «Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարան»-ի համար։
Անվանակարգի մրցութային հանձնաժողովի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ընտրությունը կատարելիս հաշվի են առել նաև պրոֆեսոր Խաչատրյանի անցած ուղին ու գիտական մեծ ժառանգությունը՝ համալսարանական բազմաթիվ դասագրքեր, տեսական աշխատություններ, գիտական հոդվածներ։
«Ուրախ ենք, որ մշակութային ուղղությունների կողքին մեծ տեղ է տրվել նաև հայագիտությանը, որը պետք է ըստ ամենայնի խրախուսվի ամբողջ հասարակության և պետության կողմից»,-նշեց Դավիթ Գյուրջինյանն ու մրցանակակրին մաղթեց գիտական նոր ձեռքբերումներ և եռանդ, որոնց արդյունքները իրենց մնայուն տեղը կունենան հայագետների գրադարանում։
«Մրցանակն ինձ պատիվ է բերում, խրախուսում և մղում նորանոր աշխատանքների»,-նշեց պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանն ու շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար։