Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի գնահատում և խրախուսման է արժանացնում մշակույթի և գիտության ոլորտի լավագույններին:
Տոնական ձեռնարկին մասնակցում էին գրականության և մշակույթի ոլորտի անվանի ներկայացուցիչներ, ՀՊՄՀ ղեկավար կազմը, մրցույթի մասնակիցներ, արվեստասեր հանրություն։
30-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը մրցանակներ հանձնվեցին Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ, Դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգերում, ինչպե նաև հատուկ անվանագարկում՝ Վահան Թեքեյանին նվիրված աշխատության համար։
«Հայագիտություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակին արժանացավ ՀՊՄՀ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պ/կ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը՝ «Օշականի ստեղծագործական հիմնախնդիրները․ մեկնություն և «Մանրուքներ»» գրքի համար։
ՀՊՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ տպագրված մենագրությունը նվիրված է 20-40-ական վիպերգության անվիճելի առաջատար, անցյալ դարասկզբի փոքր արձակի ակնառու վարպետներից և խոնարհների գեղարվեստական բնութագրման լավագույն մեկնիչներից մեկին՝ Հակոբ Օշականին։
Հանձնաժողովի նախագահ, ՀՊՄՀ Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ Ամատունի Վիրաբյանի դիտարկմամբ՝ Սուրեն Դանիելյանի աշխատությունը խորը վերլուծական աշխատություն է, որը կզարդարի գրականագիտոության ասպարեզը՝ ապագա սերունդներին, գրականագետներին, Օշականով զբաղվողներին հետազոտական աշխատանքի ծավալուն նյութ տալով։
Պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար՝ այն վերագրելով Հակոբ Օշականին, ով բացեց Սփյուռքի ու Հայաստանի դռները՝ իր ստեղծագործությունը ճանաչելի դարձնելու առումով․«Օշականի կյանքը դժվարին էր․ երկար ժամանակ չէր ընդունվում ո՛չ նրա արձակը, ո՛չ չափածոն, բայց ժամանակն ապացուցեց՝ նա իսկապես առաջնորդող ուժ է»,- իր խոսքում նշեց Սուրեն Դանիելյանն ու հավելեց՝ Օշականը գրեց վեպեր, վիպաշարեր, և այսօր մենք նրան համարում ենք մեր լավագույն ուսուցիչներից մեկը։
Պրոֆեսորը խոսեց նաև նորանկախ Հայաստանում գրականությունը վերարժևորելու, գնահատելու մասին՝ ընդգծելով, որ հայ մեծերին նորովի արժևորելը բոլորիս խնդիրն է։
Այս տարի «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությանը հայտ էր ներկայացրել շուրջ 50 հեղինակ-ստեղծագործող։
Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ Արցախի Ազգային Նվագարանների Պետական Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյանի ղեկավարությամբ: