ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի պրոֆեսորի մասնակցությունը միջազգային կոնֆերանսին
24.11.2015
ՀՊՄՀ-ի պրոֆեսորի մասնակցությունը միջազգային կոնֆերանսին

Վերջերս Վոլգոգրադում կայացավ մարզի ադմինիստրացիայի, ՌԴ գլխավոր դատախազության և մի շարք բուհերի նախաձեռնությամբ կազմակերպված «Նյուրբերգյան դատավարություն. հայացք ժամանակի միջով» թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանս:

Կոնֆերանսին մասնակցում էր նաև Մանկավարժական համալսարանի Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը:

Կոնֆերանսի բացումը տեղի ունեցավ «Ստալինգրադյան ճակատամարտ» հուշահամալիրում, որից հետո կոնֆերանսի մասնակիցներն աշխատանքները շարունակեցին խմբերով՝ մասնակցելով Վոլգոգրադի տարբեր բուհերում կազմակերպված կլոր սեղաններին:

ՀՊՄՀ-ի պրոֆեսորը Սոցիալ-մանկավարժական համալսարանում ներկայացրեց «Գենոցիդի թեման Նյուրնբերգյան դատավարության ընթացքում. այս գենոցիդի, դրա դատապարտման և ներման հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով զեկույցը՝ անդրադառնալով ցեղասպանության ենթարկված ժողովրդի պատմական հիշողությանն ու սթրեսին, ներման գործընթացի հոգեբանությանը, ցեղասպանություն իրականացրած ժողովրդի մեղքի զգացմանն ու դրա դրսևորումներին:

«Զեկույցի հիմնական միտքն այն էր, որ Նյուրնբերգյան դատավարությամբ մարդկությունը մուտք գործեց բարոյական զարգացման նոր փուլ, որի պարագայում այլևս անընդունելի են ագրեսիան, ցեղասպանությունները»,-old.aspu.am-ի հետ զրույցում ընդգծեց պրոֆեսորը:

Ի դեպ, այցի շրջանակում վերջինս արտասահմանյան գործընկերների հետ քննարկեց բուհի հետ համագործակցության եզրերը, մասնակցեց ակադեմիայում հոգեբանության շաբաթի բացմանն ու հանդես եկավ դասախոսությամբ:

Պրոֆեսորը հանդիպումներ ունեցավ նաև ակադեմիայի ռեկտոր Միխայիլ Վերշինինի, պրոռեկտոր Իգոր Սոլոպովի, ակադեմիայի փիլիսոփայության ամբիոնի վարիչ Օլգա Բայդալովայի և հոգեբանության ամբիոնի վարիչ Իրինա Կիրիլովայի հետ: