ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանն այսօր մասնակցեց «Կրթական տարածքը տեղեկատվական դարաշրջանում» միջազգային 10-րդ առցանց գիտաժողովին։
Ձեռնարկն անցկացվում էր Ռուսաստանի կրթական ակադեմիայի նախաձեռնությամբ․մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի և այլ երկրների գիտակրթական հանրույթի ներկայացուցիչներ, մանկավարժներ, դասախոսներ, ասպիրատներ, ուսանողներ և այլն։
ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, կարևորելով գիտաժողովի անցկացումը, նշեց՝ մենք ապրում ենք բացառիկ ժամանակաշրջանում, երբ գիտելիքը, տեղեկատվությունն ու տեխնոլոգիաները ձևավորում են ոչ միայն կրթության բովանդակությունը, այլև կրթական տարածք։ Պրոֆեսորի դիտարկմամբ՝ մանկավարժությունը, որի հենարանը դեռ երեկ փոխազդեցության ավանդական ձևաչափն էր, այսօր առերեսվում է թվային փոխակերպմանն առնչվող մարտահրավերների հետ․ «Սա միայն պարզագույն տեխնիկական հարմարեցման հարց չէ, այլ խորքային՝ փիլիսոփայական, մշակութային, մարդաբանական: Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես պահպանել անձնային, զարգացնող և բարոյապես պատասխանատու կրթական համակարգը՝ ալգորիթմների, տվյալների բազաների և արհեստական բանականության աշխարհում»:
Պլենար նսիստի իր ելույթում պրոֆեսոր Գևորգյանն ընդծեց՝ ՀՊՄՀ-ն, լինելով մանկավարժական ավանդույթներ պահպանող կրթական հաստատություն, նաև նորարարական կրթական գործընթացների ակտիվ մասնակից է․ կառույցը ժամանակակից տեղեկատվական տարածքը դիտարկում է ինչպես մարտահրավեր, այնպես էլ հնարավորություն: Հնարավորություն՝ վերաիմաստավորելու մանկավարժի դերը, կրթական սահմանների տեղաշարժը, թվային տեխնոլոգիաների վրա հիմնված սերունդների և մշակույթների երկխոսությունը:
Պրոֆեսոր Գևորգյանը գիտաժողովը կարևոր հարթակ դիտարկեց նաև մտածելու՝ ինչպիսին պետք է լինի այդ տարածքը՝ ներառական, ճկուն, անվտանգ, բարոյական, և, առաջին հերթին, մարդակենտրոն․«Թող այսօրվա ելույթներն ու քննարկումները հիմք դառնան ինստիտուցիոնալ լուծումների համար, որոնք ուղղված են կրթության՝ ոչ միայն որպես գիտելիքների համակարգի, այլև նոր իմաստների, արժեքների և հարաբերությունների հարթակի զարգացման»,-ամփոփեց Սրբուհի Գևորգյանը։
Միջազգային գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին 5՝ «Պատմական հիշողություն և պատմական կրթություն», «Կրթական տարածքի ձևավորման փիլիսոփայական և մեթոդոլիգիական հիմքերը», «Դիդակտիկայի զարգացումը ընդհանուր կրթական տարածքի պայմաններում», «Արհետական բանականություն․հոգեբանական և մանկավարժական բաղադրիչներ», «Ավանդական բարոյահոգեբանական և ընտանեկան արժեքները թվային դարաշրջանում» մասնաճյուղերում։