Մեկնարկել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 19-րդ հանրապետական մարզական խաղերը, որոնց մասնակցում են Մանկավարժական համալսարանի վոլեյբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի, շախմատի և հրաձգության թիմերը:
ՀՊՄՀ-ի շախմատի աղջիկների թիմը միջբուհական ուսանողական մարզական խաղերում առավելագույն միավորներով զբաղեցրել է 1-ին պատվավոր տեղը, թիմի մարզիչ՝ Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանը: Հատկանշական է, որ թիմից Մարիա Գևորգյանն ու Սոֆյա Պողոսյանը բոլոր խաղերն ավարտել են հաղթանակով:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խրախուսեց բուհին շախմատային հաղթանակ պարգևած թիմի անդամներին՝ մաղթելով նոր հաջողություններ և նվաճումներ:
Թիմի մարզիչ Սամվել Միսակյանն old.aspu.am-ի հետ զրույցում խոստացավ պահպանել և զարգացնել ձեռք բերած շախմատային հաջողությունները. «2 տարի անընդմեջ 1-ին տեղն ենք զբաղեցրել միջբուհական դասախոսական մրցաշարում, իսկ այս տարի հաջողությունները եռապատկվեցին՝ հաղթանակը կրկին բերելով Մանկավարժական համալսարան: Դա պատահակն չէ, քանի որ այն միակ բուհն է, ուր շախմատը դասավանդվում է որպես պարտադիր առարկա»:
old.aspu.am-ի հետ զրույցում Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչի տեղակալ Արման Գևորգյանը նշեց, որ այս հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցեց՝ մտքի խաղը բուհում ամուր և լավ հիմքերի վրա է:
«Շախմատի աղջիկների թիմ ձևավորելն ավելի դյուրին էր, քանի որ այն մեծ մասսայականություն ունի բուհում: Հետաքրքրությունն իմաստուն խաղի հանդեպ կրկնապատկվել է հատկապես Շախմատի ինստիտուտի բացումից հետո»,-նշեց Արման Գևորգյանն ու վստահեցրեց, որ մանկավարժների համար հատկապես շախմատն ունի կարևոր դերակատարություն. այն զարգացնում է մարդու մտածողությունը, տրամաբանությունն ու հիշողությունը: