Այսօր Մանկավարժական համալսարանի թանգարանում հյուրընկալվել էին ՀՊՄՀ-ի №57 դպրոցի 4-րդ դասարանի սաները:
Բուհի Սկզբնական կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ՝ մանկավարժականի կրտսեր հյուրերը թանգարանի աշխատակիցների ուղեկցությամբ մասնակցեցին «Հայ գրերի ստեղծումը» դաս-էքսկուրսիային, ապա շրջեցին թանգարանում, ծանոթացան բուհին, մեծ հետաքրքրությամբ «դիտեցին և ունկնդրեցին» Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանին:
№57 դպրոցի աշակերտները, լինելով Մեծ Լուսավորչի անունը կրող ուսումանական հաստատությունում, դասվար Կարինե Մանգոյանի ղեկավարությամբ ներկայացրին Խաչատուր Աբովյանի մասին կենսագրական տվյալներ, գրողի ուսումնառության կարևորագույն և հիշարժան տարիները, նրա ուղերձը հայ ժողովրդին, ինչպես նաև հատված «Վերք Հայաստան» վեպից:
Նշենք, որ ՀՊՄՀ-ի թանգարան այցը կազմակերպվել էր բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում. Սկզբնական կրթության ֆակուլտետի կամավորական գործունեության արդյունքում սերտ կապ է հաստատվել դպրոցի, մասնավորապես՝ տարրական դասարանների հետ: