Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Անի Խաչատրյանը Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Կիրառական արվեստի բաժնի այս տարվա շրջանավարտ է։
Ավարտական աշխատանքների պաշտպանությանը հանձնաժողովի նախագահը՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ուսանողուհուն առաջարկել է անդամակցել Միությանը՝ Դեկորատիվ-կիրառական արվեստ բաժնում։
Ուսանողը՝ Նկարիչների միության անդամ․ սա աննախադեպ է, քանի որ կառույցի անդամ լինելու համար կան պարտադիր պայմաններ, մասնավորապես՝ մասնակցություն ցուցահանդեսներին և այլն։
Ուսանողուհու ավարտական աշխատանքը «Եթերային ծաղկաբույլ» խորագրով գոբելենն էր, իսկ նրա ղեկավարը՝ Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Անուշ Եղիազարյանը։ Հանձնաժողովի անդամները ուսանողուհու աշխատանքը բարձր գնահատեցին թեմատիկայի, օգտագործված նյութերի ճիշտ համադրության և գաղափարի տեսանկյունից։
www.old.aspu.am-ի հետ զրույցում Անի Խաչատրյանը նշեց՝ աշխատանքի հիմքում դրել է բազմազանությունը ու նոր կոմպոզիցիոն լուծումները, օգտագործել թելերի այնպիսի համադրություն, որի շնորհիվ նոր շունչ է հաղորդել ճախրող թիթեռներին։
Անի Խաչատրյանը վստահեցրեց, որ ուսումը շարունակելու է նույն բաժնի մագիստրատուրայում, իսկ մինչ այդ ամբողջացնելու է թղթապանակը, որը նրան հնարավորություն կտա հաստատել Հայաստանի նկարիչների միության անդամ լինելու պատվավոր կոչումը։