Մանկավարժական և Օուլուի համալսարանի համագործակցության շնորհիվ բուհի 10 ուսանող «Ամառային դպրոց» միջազգային ծրագրի շրջանակներում եղավ նաև Ֆինլանդիայում: Այդ ընթացքում մասնակիցները ծանոթացան երկրի կրթական համակարգին, ֆինն ժողովրդին, այլազգի ուսանողներին, շրջայց կատարեցին տարբեր ուսումնական հաստատություններում:
Այցի շրանակներում աբովյանականները 1-2 օրով եղան տեղի հյուրընկալ ընտանիքներում, ապա բաժանվելով տարբեր ազգերից կազմված 6 խմբերի՝ անցան ծրագրի կարևորագույն առաքելությանը: Ֆինլանդիայում «Ամառային դպրոց»-ի ողջ ընթացքում ՀՊՄՀ-ի ուսանողներին ուղեկցեցին Օուլուի համալսարանի Կրթության ֆակուլտետի պրակտիկայի բաժնի ղեկավար Վեսա-Մատտի Սարենիուսն ու Մանկավարժականի ուսանող Մարիան Թումանյանը, ով ներկայումս ուսումը շարունակում է Օուլուի համալսարանում: Վերջինս «Ամառային դպրոց» միջազգային ծրագրի շրջանակում նախկինում եղել է Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում, որտեղ այս տարի աշխատում է ատենախոսության վրա:
Ուսումնաճանաչողական շրջայցեր, բազմաբնույթ հետաքրքիր խաղեր, ամենատարբեր թեմաների շուրջ դաս-քննարկումներ, որ կազմում էին ծրագրի մասնակիցների ամեն օրվա գրաֆիկն ու այն դարձնում առավել հետաքրքիր:
Ֆինլանդիա մեկնած ուսանողների խոսքով՝ այցն առանձնացավ ոչ միայն երկրի տեսարժան վայրեր այցելելով, այլև նոր ընկերների, կապերի ձեռքբերմամբ, միջմշակութային հաղորդակցության, օտար լեզուների իմացության ամրապնդմամբ: