Մեկնարկել է «Արվեստի կառավարում» ծրագիրը, որը նախատեսված է ստեղծագործական բուհերի` այդ թվում նաև ՀՊՄՀ-ի «Արվեստի կառավարում» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար:
Ծրագրի մեկնարկին մասնագետները ուսանողներին, բուհերի ղեկավար կազմի ներկայացուցիչներին, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացրին ծրագրի բովանդակությանը, նպատակներին և իրականացման գործընթացին:
«Արվեստի կառավարում» ծրագիրը ուսանողներին հնարավորություն կընձեռի վարպետության դասեր անցնել բարձրակարգ մասնագետների մոտ և ձեռք բերած գիտելիքները կիրառել գործնականում՝ համագործակցելով պետական մի շարք թատերահամերգային կազմակերպությունների հետ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով` իր ձևաչափի մեջ աննախադեպ ծրագիրը նպատակ ունի ոչ միայն վերապատրաստել գործող տնօրենների և տեղեկատվական հատվածին, այլև մշակույթի ոլորտի պետական կառույցների կառավարման համակարգում ներգրավել ուսանողներին:
«Այս ծրագրով մենք լուծում ենք լրջագույն խնդիր. առաջին անգամ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի կառավարման ոլորտի ուսանողներին փորձելու ենք գործնականում ընդգրկել պետական կառավարման համակարգում: Շատ կարևոր է, որ տեսական գիտելիքները, որոնք ուսանողները ստանում են ուսումնառության տարիներին, ունենան գործնական զուգակցում: Ինչպես կինոկրթությունը հնարավոր չէ լիարժեք պատկերացնել՝ առանց կինոարտադրությանը կցված լինելու, ինչպես վերականգնողները չեն կարող զուտ տեսական գիտելիքներով դառնալ մասնագետ, այնպես էլ ապագա կառավարիչը չի կարող պրակտիկ կյանքից կտրված, զուտ տեսական գիտելիքներով դառնալ մասնագետ»,- շեշտել է նախարարի տեղակալը:
Արա Խզմալյանի դիտարկմամբ՝ արվեստի կառավարման ոլորտում առկա է կադրային լրջագույն խնդիր, քանի որ արվեստի կառավարման ֆակուլտետի ուսանողներն ավարտելուց հետո, պարզ չէ, թե ինչով են զբաղվում, այնինչ պետական կառույցի տնօրենի ընտրության հարցում հաճախ խնդիրներ են առաջանում, և ամենամեծ խնդիրը պրոֆեսիոնալ կառավարիչ գտնելն է:
«Արվեստի կառավարում» ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանն էլ նշեց, որ ծրագիրը կմեկնարկի մարտի կեսերից` ուսանողների հետ մի շարք դասընթացների անցկացմամբ: Այն իրականացնելու համար հրավիրվել են մասնավոր ոլորտում հաջողված փորձ ունեցող մասնագետներ: 4-5 շաբաթ ուսանողները անցնելու են վարպետության դասեր, որին զուգահեռ՝ ուսանողները գործուղվելու են նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպություններ՝ գործնական փորձառության շրջան անցնելու համար: Ծրագրի ղեկավարը հավելեց նաև, որ ՊՈԱԿ-ների տնօրենների և PR- մասնագետների հետ ուսանողները կմշակեն տվյալ կազմակերպության ռազմավարական ծրագիրը, ինչպես նաև ֆոնդահայթայթման ձեռնարկ, որը կօգնի ՊՈԱԿ-ների ղեկավարությանը և ծրագրի մասնագետներին գործելու նոր հարթության վրա:
Տեղեկատվությունը` ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքի