ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ուսանողները մասնակցեցին միջազգային երիտասարդական գիտաժողովին
22.09.2016
ՀՊՄՀ-ի ուսանողները մասնակցեցին միջազգային երիտասարդական գիտաժողովին

Սեպտեմբերի 15-18-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով:

Արցախի անկախության 25-րդ տարեդարձին  նվիրված ձեռնարկը կազմակերպել էր Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորումը, որին ներկա էին գիտնականներ՝ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Լեհաստանից և այլ երկրներից:

Գիտաժողովին մասնակցեցին նաև  Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրոսներ Անի Խաչատրյանը, Մարինե Բեժանյանը, Մարիամ Ծատրյանը և բակալավրիատի  4-րդ կուրսի ուսանողուհի Վերոնիկա Թորոսյանը:

Գիտաժողովի բացման արարողությանը ներկա էր նաև  ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանը, ով  իր խոսքում կարևորեց  նախաձեռնությունը՝ նկատելով, որ այն  լավ հնարավորություն է արցախյան հիմնախնդիրն ավելի խորն ուսումնասիրելու համար:

Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին իրավագիտության, քաղաքագիտության, պատմության, տնտեսագիտության և հոգեբանության մասնաճյուղերում:

Գիտաժողովի մասնակիցները եղան նաև  Շուշիում կազմակերպված Արցախէթնոֆեստ «Երկրի համը» միջազգային փառատոնին, որից հետո  այցելեցին Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի:

Սեպտեմբերի 17-ին՝  գիտաժողովի արդյունքների ամփոփումից և հավաստագրեր հանձնելուց հետո,  գիտաժողովի մասնակիցներն ու հյուրերը ներկա գտնվեցին Արցախյան գինու երրորդ փառատոնին (Հադրութի շրջանի Տողի մելիքական ապարանք), իսկ հաջորդ օրը այցելեցին Շուշիի Սբ. Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցի ու թանգարաններ:

«Միջազգային երիտասարդական գիտաժողովը լավ հնարավորություն էր մասնակցելու Արցախի անկախ պատմության մեջ իր ծավալներով և գիտնականների ներգրավածությամբ աննախադեպ ձեռնարկին: Այն  օգնեց  ստանալ  համապարփակ տեղեկատվություն մեզ հուզող հարցերի վերաբերյալ, անմասն չմնալ Արցախ աշխարհի մշակութային կյանքից» ,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Անի Խաչատրյանն ու հավելեց, որ սա ևս մեկ հնարավորություն էր  ապացուցելու աշխարհին, որ Արցախն ազատ  է ու անկախ, ապրում և արարում է հայեցի: