ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ուսանողը՝ Գրան Պրի մրցանակակիր
10.04.2017
ՀՊՄՀ-ի ուսանողը՝ Գրան Պրի մրցանակակիր

Մարտի 28-ից ապրիլի 9-ը Մոսկվայում անցկացվեց «Երիտասարդների համագործակցություն» միջազգային միջբուհական արվեստի 1-ին մրցույթ-փառատոնը:

Մոսկվայի նկարիչների միության, Արվեստի ինստիտուտի գեղարվեստա-գրաֆիկական ֆակուլտետի և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված փառատոնին մասնակեց նաև Մանկավարժական համալսարանը:

Փառատոնի ցուցադրությանը ներկայացվեց ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողների 11 աշխատանք. «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգում մագիստրոս Սեդա Պողոսյանի «Հայուհի» աշխատանքն արժանացավ Գրան Պրի մրցանակի:

Նույն անվանակարգում ուսանողներ Ա.Բաբայանը, Ա. Պետրոսյանը, Մ.Սահակյանը, Ա Հովհաննիսյանը զբաղեցրին մրցանակային տեղեր և ստացան մասնակցության դիպլոմներ:

Մրցույթ-փառատոնի շրջանակներում անցկացվեց նաև «Գեղարվեստական կրթությունը բարձրագույն դպրոցում» խորագրով կլոր սեղան-քննարկում:
Մանկավարժական համալսարանի ուսանողներ Սեդա Պողոսյանն ու Մարիամ Սահակյանը ներկայացրին «Հայկական տեքստիլ արվեստի վերածնունդը» և «Արտթերապիան գոբելենագործության միջոցով» թեմաներով զեկույցները, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին ներկաների շրջանում:

Մոսկվայում անցկացվող մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում էր նաև ՀՊՄՀ-ի Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը:

old.aspu.am-ի հետ զրույցում պրոֆեսորը կարևորեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ փառատոնը համախմբեց տաղանդավոր երիտասարդների, նպաստեց տարբեր ժողովուրդների և մշակույթների փոխազդեցությանը.«Վստահ եմ, որ այն նոր բացահայտումների սկիզբ կդառնա, կծանոթացնի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներին, կնպաստի հետաքրքիր գաղափարների փոխանակմանն ու, ընդհանուր առմամբ, կհարստացնի երիտասարդ արվեստագետների ստեղծագործական կյանքը»:

Մոսկվա կատարած այցի շրջանակներում Անուշ Եղիազարյանը  Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան  պետական  համալսարանի հրավերով  բուհում հանդես եկավ դասախոսությամբ՝ ներկայացնելով հայ տեքստիլ արվեստի պատմության մասին ակնարկ: