ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի վոլեյբոլի թիմը՝ մարզական խաղերի հաղթող
04.05.2016
ՀՊՄՀ-ի վոլեյբոլի թիմը՝ մարզական խաղերի հաղթող

Ապրիլի 30-ից մայիսի 3-ը կայացավ ՀՀԿ ԵԿ և Ուսանողական մարզական ֆեդերացիայի կազմակերպած «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի վոլեյբոլի աղջիկների առաջնությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Առաջնությանը մասնակցում էին 8 բուհերի թիմեր, այդ թվում՝ Մանկավարժական համալսարանի, որն էլ 3 խաղի արդյունքում հաղթող ճանաչվեց.երկրորդ տեղում էին Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի, իսկ երրորդում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմերը։

Մարզական խաղերի վոլեյբոլի աղջիկների առաջնության հաղթողներին այսօր հյուրընկալեց և սպասված հաղթանակի առթիվ շնորհավորեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Ռեկտորը հետաքրքրվեց բուհում անցկացվող ֆիզդաստիարակության ոլորտում առկա խնդիրներով, ապա խոստացավ առավել մեծ ուշադրություն դարձնել համալսարանական սպորտին՝ ընդգծելով, որ աշխարհի առաջատար համալսարաններում սպորտը բացառիկ նշանակություն ունի.«21-դարում մի շարք սպորտաձևերում հանդես եկող առաջատար թիմեր ունեն համալսարանական արմատներ. պետք է շարունակել ակտիվ պարապմունքներն ու պահպանել հաղթանակած գավաթը»:

Թիմն այսուհետ կմարզվի նաև բուհի Աղավնաձորի ուսումնական բազայում, իսկ 2018 թվականին՝ բուհի № 57 hիմնական դպրոցի` լավագույն պայմաններով հագեցած մարզադահլիճում: Ռուբեն Միրզախանյանը վստահեցրեց, որ մոտ ապագայում Մանկավարժականի թիմը կմրցի Հայաստանից դուրս, մասնավորապես՝ ՌԴ-ի և բուհի գործընկեր եվրոպական այլ բուհերի թիմերի հետ ևս:

ՀՊՄՀ-ի վոլեյբոլի աղջիկների թիմի մարզիչ, դասախոս Զառա Պետրոսյանը old.aspu.am-ի հետ զրույցում հաղթանակի կարևոր գրավական համարեց թիմային խաղն ու ոգին՝ նշելով, որ մինչ այդ զբաղեցրած մրցանակային տեղերն ու հետևողական աշխատանքն արժանացրին հաղթանակի բերկրանքին:

Ի դեպ, ավարտվեց նաև ՀՊՄՀ-ում անցկացվող  Ուսանողական խորհրդի Սպորտի, շախմատի և առողջ ապրելակերպի հանձնաժողովի կողմից կազմակերպված սպորտային մրցաշարը:

Սպորտային խաղերի թիմային արդյունքներին ծանոթացեք ստորև: