ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն կհամագործակցի․․․
12.12.2023
ՀՊՄՀ-ն կհամագործակցի․․․

Այսօր Մանկավարժական համալսարանի և Տավուշի մարզի 4 ավագ դպրոցի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր։

Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև հանրակրթության ոլորտի կրեդիտային համակարգի շրջանակներում կրեդիտների ճանաչման մասին փաստաթուղթը ստորագրեցին ՀՊՄՀ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանն ու Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի և Դիլիջանի ավագ դպրոցների տնօրենները։

Կրեդիտային համակարգի ներդրման նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատությունների և բուհերի միջև զարգացնել կրթական միասնական միջավայր, առավել դյուրին դարձնել սովորողների անցումը հանրակրթությունից այլ կրթական համակարգ, միջնակարգ կրթության երրորդ աստիճանում և բուհերում ուսումնական գործընթացների կազմակերպման միջև խթանել համադրելիությունը։

«Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգ»-ի համաձայն՝ պայմանագիրը հնարավորություն կտա նաև ուսումնառության արդյունքների հաշվառման, կուտակման և փոխանցման համակարգը համապատասխանեցնել ՀՀ գործող կրթական օրենսդրության միջազգային կրթական չափանիշներին, նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը և հետաքրքրությունների զարգացմանը։

Գործընթացը համակարգում է «ԿԶՆԱԿ» հիմնադրամը։

Պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը կարևորեց ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությունն ու հայաստանյան մի շարք բուհերի մասնակցությունը՝ կրեդիտները փոխճանաչելի և փոխանցելի դարձնելու գործընթացին։

ՀՊՄՀ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտորը կարծում է, որ վաղուց ժամանակն է կարգավորել դաշտը․ կրեդիտների ներդրումը հնարավորություն կտա խուսափել նույնաբովանդակ, ոչ էական տարբերություններով առարկաների կրկնությունից՝ հանրակրթական ուսումնական հաստատության կողմից բուհին փոխանցած կրեդիտների շնորհիվ։

Նաիրա Սաֆարյանը վստահ է, որ պայմանագիրը փոխշահավետ և նպատակային կլինի երկուստեք։