ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի և Նորվեգիայի թագավորության Բերգենի համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետի Սելմեր հետազոտական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։
ՀՊՄՀ Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանը Նորվեգիայի թագավորության Բերգենի համալսարանում էր։
Ինֆորմատիկայի ֆակուլտետի Սելմեր հետազոտական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Լիլյա Բուդաղյանի հրավերով Բերգենի համալսարան այցելած ՀՊՄՀ-ի պրոֆեսորը մասնակցեց գիտահետազոտական սեմինարների, հանդիպումներ ունեցավ Հետազոտական կենտրոնի դասախոսական կազմի և ասպիրանտների հետ:
Հանդիպումների ընթացքում պրոֆեսոր Լիլյա Բուդաղյանն ու պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանը նախանշել են համատեղ գիտամանկավարժական և գիտահետազոտական աշխատանքների, ասպիրանտների և հայցորդների համար խորհրդատվությունների կազմակերպում։
Լուսինե Ղուլղազարյանն old.aspu.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ վերոնշյալ աշխատանքները նպատակաուղղված կլինեն ՀՊՄՀ-ի ուսանողներին, մագիստրոսներին, ասպիրանտներին և հայցորդներին կիրառական մաթեմատիկայի և հանրահաշվի հիմնահարցերին ծանոթացնելուն, կիրառական ուսումնասիրությունների, հետազոտությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելուն, առավել ընդունակ և խոստումնալից ուսանողներին՝ գիտահետազոտական աշխատանքներում ներգրավելուն, ինչպես նաև երկու համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի միջև միջազգային կապերը ամրապնդելուն: