Այսօր Կինոյի տանը ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու Հայաստանի Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը կնքեցին համագործակցության հուշագիր։
Կողմերը, կարևորելով որակյալ կրթության դերը կինոոլորտի հետագա զարգացման գործում, մասնագիտական գիտելիքների և հմտությունների համապատասխանությունը ժամանակակից կինոմշակույթին, կմեկտեղեն իրենց ջանքերն ու փորձը։
Համագործակցության շրջանակներում Միությունը կաջակցի ՀՊՄՀ ուսանողների մասնագիտական և գործնական հմտությունների զարգացմանը, ուսումնական, կուրսային և դիպլոմային ֆիլմերի դիտումների ու քննարկումների կազմակերպմանը, գործնական ներգրավվածությանը Հայաստանում նկարահանվող ֆիլմերի ստեղծմանն ու կառույցի կինոնախագծերում։
Բացի այդ, հուշագրով նախատեսված է ապահովել Հայաստանի կինոգործիչների միության խորհրդատվական և գործնական մասնակցությունը ուսանողական ավարտական աշխատանքների համար ֆիլմերի նկարահանումներին, համագործակցել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական բնույթի ծրագրերի իրականացման գործընթացում։
Հուշագրի համաձայն՝ Հայաստանի կինոգործիչների միության անդամները կներգրավվեն Մանկավարժականում կազմակերպվող գիտաժողովներին, վարպետության դասերին, կլինի տեղեկատվության, գիտելիքի, փորձի, հմտությունների փոխանակում և այլն։
Հայաստանի Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը ցավով է նկատում՝ ներկայիս երիտասարդներից շատերն այսօր խուսափում են կրթվել, դիտել ֆիլմեր․ հուշագիրը մեծ հնարավորություններ կստեղծի նրանց համար՝ հանդիպել մեծանուն արվեստագետների, մասնակցել քննարկումների, ստեղծել սեփական ֆիլմեր։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ևս վստահ է՝ հուշագիրը կնպաստի արդյունավետ փոխգործակցությանը, իսկ Հայաստանի Կինոգործիչների միությունն էլ կդառնա կրթական հաղորդակցման կարևոր հարթակ՝ կինոյի զարմանահրաշ աշխարհ մուտք գործած բոլոր ուսանողների համար։