ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն խրախուսեց լավագույն ուսանողներին
13.08.2025
ՀՊՄՀ-ն խրախուսեց լավագույն ուսանողներին

ՀՊՄՀ-ի 2024 թվականի «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի հաղթողները, որպես խրախուսանք, իրենց եռօրյա հանգիստն անցկացրին Վրաստանում:

Ֆակուլտետերի 10 լավագույններն ուղևորվեցին մայրաքաղաք Թբիլիսի և այցի ընթացքում ծանոթացան վրացական մշակույթին, եղան քաղաքի մի շարք պատմամշակութային վայրերում:

Աբովյանականները այցելեցին Եվրոպայի հրապարակ, Թբիլիսիի պատմական կենտրոնում գտնվող Վախթանգ Գորգասալի կամուրջ-հուշարձան, եղան Հավլաբար թաղամասում գտնվող Մետեխի եկեղեցում, այցելեցին հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի և այնտեղ գտնվող Սայաթ-Նովայի գերեզման:

Մանկավարժականի ուսանողները շրջեցին նաև Ռիխե այգում, տեսան Մայր Վրաստանի արձանը, Խաղաղության կամուրջը, եղան տիկնիկային թատրոնում, շրջեցին Ազատության հրապարակում, Ռուսթավելի և Լիսելիձե փողոցներում, տեսան Թամադայի ու Փարաջանովի արձանները, Մանթաշյանցի շենքերը, Սիոնի տաճարը:

Ալցելություն եղավ նաև Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք հայկական պանթեոն, Բոդբե մենաստան, որտեղ ամփոփված է Սուրբ Նինոյի մարմինը, Սամեբա տաճար, Սվետիցխովելի և Ջվարի եկեղեցիներ, ինչպես նաև Քուռ և Արագվի գետերի միախառնման դիտակետ։

Ուսանողների հաջորդ կանգառը Վրաստանի պատմական մայրաքաղաքներից մեկն էր՝ Մցխեթան .նրանք այցելեցին Ջվարիի տաճար, Կախեթիի մարզ, ուղևորվեցին Սիղնախի սիրո քաղաք:

Ի դեպ, այցը նշանավորվեց գեղեցիկ պահերով և սիրո խոստովանությամբ. Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթում այս տարվա հաղթող ճանաչված Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի մագիստրոս Նոնա Խաչատրյանը հենց սիրո քաղաքում ստացավ ամուսնության առաջարկություն։


Ինչպես նշեցին ուսանողները՝ ուղևորությունն իրենց համար դարձավ ոչ միայն ճանաչողական և մշակութային փորձառություն, այլև հուշերով լի ճամփորդություն՝ լցված ջերմությամբ, ժպիտներով և լուսավոր պահերով։

««Լավագույն ուսանող» ամենամյա ծրագիրն ունի ուսուցողական բնույթ․ այն ոգեշնչում է ուսանողներին, ստիպում ավելի շատ զբաղվել գիտությամբ, հանդես գալ նախաձեռնություններով, դառնալ հասարակության ակտիվ մաս»,- old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանն ու վստահեցրեց՝ մրցույթը կլինի շարունակական, իսկ Մանկավարժականի ուսանողներին առաջիկայում ևս սպասվում են նոր նախաձեռնություններ և հետաքրքիր նախագծեր: