Երկրում արյան պաշարների դեֆիցիտը լրացնելու նպատակով պարբերաբար անցկացվում է արյան հավաքագրում։ Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը պարբերաբար կազմակերպում է նման ակցիաներ․ այսօր բուժաշխատակազմը Մանկավարժական համալսարանում էր։
Մանկավարժական համալսարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները, դասախոսներն ու ուսանողներն այսօր արյան դոնոր-կամավորներ էին։ Այստեղ շատերն են պատրաստ անվարձահատույց հիմունքով դառնալ արյան դոնոր․ բժիշկ փոխներարկաբան Արմեն Պետրոսյանը նշում է՝ նախապես գրացվել է 40 հոգի, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, լինում են նաև մերժումներ՝ առողջական խնդիրների պատճառներով արյունատվությունն անհնար է դառնում․ «Նախապես ուղարկում ենք դոնորության և հակացուցումների մասին ամբողջական տեղեկություն։ Անվտանգությունից ելնելով՝ տեղում կամավորներն անցնում են անհրաժեշտ հետազոտություններ։ Յուրաքանչյուրը 400 մլ արյուն հանձնելով կարող է փրկել առնվազն 3 մարդու կյանք։ Այսօր բազմաթիվ կամավորներ միացան ակցիային և նվիրաբերեցին իրենց արյունը՝ հանուն կյանքեր փրկելու»,-նշեց փոխներարկաբան Արմեն Պետրոսյանն ու վստահեցրեց՝ հավաքված արյունը կծառայի քաղցկեղ և արյան այլ հիվանդություններ ունեցողներին, նաև պաշար կձևավորվի։
Կրթության հոգեբանության և սոցիլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Էլեն Տեր-Գևորգյանը դոնորությունը մարդասիրական մեծ քայլ է համարում․ գիտակցելով, որ իր արյունը կարող է փրկել ինչ-որ մեկի կյանքը, որոշել է գալ և մասնակցել ակցիային։
Մանկավարժականի ուսանողը խոստովանում է՝ հուզմունքն ու լարվածությունն անմիջապես անհետանում է, երբ գիտակցում ես, որ արյունդ կարող է կյանքեր փրկել։ Ապագա հոգեբանը կարևորում է կամավորությունը՝ որ ոլորտում էլ լինի։ Կարծում է, որ համախմբվելով և միասնական լինելով հնարավոր կլինի հաղթահարել շատ դժվարություններ։
Նույն ֆակուլտետի փոխդեկան Սոնա Մակիչյանն էլ կարծում է, որ դոնորության մասին մշտապես պետք է քարոզվի և խրախուսվի․բոլորն են պարտավոր միանալ ակցիային՝ լրացնելով մեր երկրում արյան պաշարները։ Ըստ նրա, սա ևս պայքարի ձև է՝ հանուն ազգի և պետության անվտանգության։