Աշխատանքային այցով Մանկավարժական համալսարանում է Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի պատվիրակությունը, որի կազմում են պրոֆեսոր Լ.Ֆ.Օբուխովայի անվան զարգացման հոգեբանության ամբիոնի վարիչ Իրինա Շապովալենկոն, պրոֆեսոր Վ.Ա.Գուրուժապովայի անվան կրթության հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս Իրինա Եմելյանովան և Միջազգային կապերի բաժնի ղեկավար Շուշանիկ Ուսուբյանը։
Ի դեպ, պատվիրակության կազմում է նաև բուհի տարբեր ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի 8 ուսանող։
Երկու բուհերի համագործակցությունն ունի երկարամյա պատմություն․ հանդիպումներով և ծանոթություններով գերհագեցած մեկշաբաթյա ծրագիրը մեկնարկեց ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում։
Դեկանի՝ գիտության և միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Սոնա Մակիչյանը ողջունեց ռուս գործընկերների այցը բուհ և հույս հայտնեց, որ այն հնարավորություն կտա տեղում քննարկել համագործակցության ուղղություններն ու հիմնական անելիքները՝ ի շահ կրթական հաստատությունների և ուսանողների։
Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի պատվիրակությանը ներկայացվեց ֆակուլտետի կառուցվածքը, ամբիոնների գործունեությունն ու ուսումնական գործընթացը։
Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավարի տեղակալ Աննա Հախումյանն էլ նկատեց՝ պատվիրակության բազմակողմ կազմի շնորհիվ ռուս գործընկերների այցը խոստանում է լինել արդյունավետ և գերհագեցած։
Այցի առաջին օրը ռուս պատվիրակները եղան ՀՊՄՀ Հենակետային ավագ դպրոց վարժարանում։ Նրանք ներկա գտնվեցին «Զարգացնող խաղեր նախադպրոցական տարիքի երեխաների համար» դաընթացին՝ ծանոթանալու այն մեթոդներին, որոնք դասապրոցեսին կիրառում էր Հոգեբանության ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի նախկին շրջանավարտ, իսկ այսօր արդեն ուսուցիչ Մանուշակ Մուրադյանը։
Դասապրոցեսի ընթացքում հոգեբանության հոսքի 10-րդ դասարանի աշակերտները ներկայացրին 3-6 տարեկանների համար իրենց ստեղծած զարգացնող խաղերը, դրանց նպատակն ու կիրառելիությունը։
Պատվիրակությունն այցի շրջանականերում հանդիպում ունեցավ նաև Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսական կազմի և ուսանողների հետ։
Ներկայացվեցին Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի գիտակրթական ծրագրերն ու հնարավորությունները։
Այցի շրջանակներում նախատեսված են այցելություններ նաև ամբիոններ․ կքննարկվեն «Զարգացման հոգեբանություն» համատեղ մագիստրոսական ծրագրի մշակման աշխատանքների մանրամասները, կրկնակի դիպլոմների հնարավորությունները, կլինեն նաև բաց դասախոսություններ և հանդիպումներ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմի հետ։