Բուհում ակտիվ ընթանում են «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի համալրման աշխատանքները՝ ՀՊՄՀ-ի և «Կրթական ծրագրերի կենտրոն» -ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում։
Ծրագիրը նպատակաուղղված է մանկավարժական կրթության որակի զարգացմանն ու արդիականացմանը, ինչպես նաև ստեղծելու միջավայր, որտեղ համադրվում են ուսուցումը, հետազոտությունները և ստեղծագործական գաղափարների կիրառումը։
Օրերս ՀՊՄՀ-ում անցկացվեց հերթական մշտադիտարկումը, որի ընթացքում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի փորձագետների խումբը ծանոթացավ կատարված և ընթացիկ աշխատանքներին, լաբորատորիաների հագեցման գործընթացին։
ՀՊՄՀ մասնագետների հետ տեղի ունեցավ նաև քննարկում՝ կենտրոնի հագեցման տեխնիկական և գիտահետազոտական բաղադրիչների, արդյունավետ կառավարման մոդելների կիրառման, կրթական ծրագրերի նորարարական ուղղությունների, ուսանողների և երիտասարդ մասնագետների զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Նշենք, որ մասնագետների և փորձագետների համագործակցությունն ուղղված է լավագույն փորձի փոխանակմանը, աշխատանքային գործընթացի առավելագույն արդյունավետ կազմակերպմանն ու Կենտրոնի նպատակային ոլորտների որակյալ զարգացմանը: Իր տեսակով եզակի այս կենտրոնը հնարավորություն կտա ՀՊՄՀ-ում ստեղծել միջավայր, որտեղ ուսանողներն ու մանկավարժները միասին կիրականացնեն գիտահետազոտական և կրթական ծրագրեր, կմշակվեն մեթոդաբանություններ և գործիքներ, որոնք կնպաստեն ժամանակակից դպրոցում ԲՏՃՄ առարկաների ուսուցման որակական բարելավմանը։
Ի դեպ, ներկայումս ընթացքի մեջ է նաև «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի ռազմավարական զարգացման հայեցակարգի և կանոնակարգերի մշակման գործընթացը։
Կենտրոնի ռազմավարական զարգացման կարևոր բաղադրիչն է միջազգային համագործակցությունը. ընթանում է կենտրոնի բովանդակային մասի մշակման աշխատանքային խմբի ձևավորումը, իսկ առաջիկայում մասնագետները կվերապատրաստվեն Իսպանիայի Վայլադոլիդի համալսարանում։
Մանկավարժականում վստահ են՝ եվրոպական հաջողված փորձին ծանոթանալը թույլ կտա ներմուծել լավագույն մեթոդներն ու գործիքները, որոնք հետագայում կտեղայնացվեն ուսանողների և դասախոսների ուսումնական գործընթացում, իսկ միջազգային հեղինակավոր հաստատությունների հետ գիտակրթական կապերի ամրապնդումը կնպաստի համալսարանի վարկանիշի բարձրացմանն ու Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը։ Արդյունքում՝ ՀՊՄՀ-ն կամրապնդի իր առաջատար դիրքը մանկավարժական կրթության ոլորտում՝ առաջարկելով ժամանակակից, կիրառական և բարձրորակ ԲՏՃՄ կրթություն։
Կենտրոնի գործունեությունը ոչ միայն կբարելավի մասնագիտական կրթության որակը, այլև կնպաստի ազգային կրթական համակարգի ձևավորման նոր մակարդակի, որտեղ ապագա մանկավարժները կլինեն առավել մրցունակ, ստեղծագործող և գաղափարներով հարուստ մասնագետներ։