Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի ներկայացուցիչները՝ Փորձարարական հոգեբանության ինստիտուտի փոխնախագահ Եվգենի Խոզեն, Օտարերկրյա դիմորդների հարցերով զբաղվող բաժնի ղեկավար Շուշանիկ Ուսուբյանը և Աննա Զիկեևան։
ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծեցին երկու բուհերի միջև գործընկերությունը խորացնելու և նոր փուլ տեղափոխելու անհրաժեշտությունը։
Պրոռեկտորը Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի աշխատակիցներին վստահեցրեց՝ կառույցի գործընկերների շարքում բուհը հատուկ տեղ է զբաղեցնում։ Այդ են փաստում ռուսաստանյան բուհի մասին Մանկավարժականի ուսանողների կարծիքներն ու տպավորությունները։
Մարիաննա Հարությունյանը հորդորեց ներկայացվող ծրագրերն իրագործել գործնականում, մասնավորապես՝ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ համատեղ աշխատանքում։
Պրոռեկտորը հույս հայտնեց, որ առաջիկայում կվերսկսվի «Ամառային դպրոց» միջազգային ծրագիրը, որին տարիներ շարունակ մասնակցել են նաև Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի ուսանողները։
Ի դեպ, նույն համալսարանի Օտարերկրյա դիմորդների հարցերով զբաղվող բաժնի ղեկավար Շուշանիկ Ուսուբյանը ևս ուսանողական տարիներին եղել է ծրագրի մասնակից։
Այսօր արդեն լինելով ՀՊՄՀ-ի գործընկեր բուհի ներկայացուցիչ՝ կարծում է, որ ժամանակն է վերականգնել գործընկերությունը․ ընդհանուր հետաքրքրությունների շրջանակն է պահանջում։
Հանդիպման ընթացքում Փորձարարական հոգեբանության ինստիտուտի փոխնախագահ Եվգենի Խոզեն ներկայացրեց բուհի գիտական ուղղվածությունը՝ ընդգծելով, որ պատրաստում են հոգեբան-հետազոտողների լուրջ սերունդ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկու բուհերի ընդհանրությունների, մասնագիտական ծրագրերի ադապտացման հնարավորությունների, տարբեր ծրագերում ուսանողների ներգրավվածության մասին։
Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի ներկայացուցիչներն այցելեցին նաև ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ, հանդիպեցին դասախոսական կազմին, ուսանողներին, ներկայացրին Ռուսաստանում հոգեբանական ուղղվածությամբ առաջին բուհի ստեղծման պատմությունը, առաքելությունը, կառուցվածքը, ֆակուլտետներն ու ինստիտուտները։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հոգեբանության ոլորտում փորձի փոխանակման և հետագա համագործակցության կարևորության մասին։