Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի պրոֆեսոր, «Շախմատն ընդհանուր զարգացման համար. ռեֆլեքսիվ-գործնական մոտեցում» ծրագրի ղեկավար Վիկտոր Զարեցկին և ՌԴ Առողջապահության նախարարության Հոգեբուժության ԳՀԻ կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի ամբիոնի ղեկավար, Կոնսուլտատիվ և կլինիկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալլա Խոլմոգորովան։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի և Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի հետ հանդիպմանը քննարկվեց գիտական ոլորտում երկու բուհերի միջև գործընկերությունը խորացնելու, գիտական ծրագրեր, հետազոտություններ իրականցնելու և նոր փուլ տեղափոխելու անհրաժեշտությունը։
Հայ և ռուս գործընկերները ներկայացրին գիտական ոլորտում ունեցած ձեռքբերումները. վերջիններս ՀՊՄՀ ռեկտորին նվիրեցին հոգեբանության ոլորտի հեղինակային ձեռնարկներից։
Կողմերը, մեկ անգամ ևս ընդգծելով շախմատային կրթության արդյունավետությունը, կարևորեցին Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի և «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի հետ սերտ համագործակցությունը, նոր առաջնահերթություններն ու այդ ոլորտում համատեղ անելիքները։
Կարևորելով Հայկական պետական մանկավարժական և Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանների միջև առկա համագործակցությունը՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց փորձի փոխանակման և հետագա գործակցության մասին։