Այսօր Մանկավարժական համալսարանում էր հյուրընկալվել Ստավրոպոլի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Կուլեշինի գլխավորությամբ։
Ռուս գործընկերներն աշխատանքային հանդիպում ունեցան ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի և Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ մի շարք ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Մասնավորապես՝ Ստավրոպոլի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Ֆոկինն առաջարկեց դիտարկել ՀՊՄՀ-ի Ռուսաց լեզվի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի օժանդակությամբ մեր երկրում ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի ուսուցման ինտենսիվ մեթոդներ որակավորման բարձրացման դասընթացներ անցկացնելու հնարավորությունը։ Դրանց կարող են մասնակցել ոլորտի մասնագետները, ինչպես նաև մագիստրոսներն ու շրջանավարտները, որոնք կստանան հավաստագրեր։
Քննարկվեցին նաև Մանկավարժականի աջակցությամբ ռուսաց լեզվի իմացության թեստավորման կազմակերպման հնարավորությունները։
ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը հետաքրքրվեց գործընթացում «Պուշկինի ինստիտուտ» ռուսաց լեզվի ուսուցման թեստավորման կենտրոնի հնարավոր մասնակցության և այդ շրջանակներում համագործակցության վերաբերյալ։
Պրոռեկտոր Իսպիրյանը վստահեցրեց՝ բուհի ղեկավարը կարևորում է գործընկեր բուհի հետ համատեղ ուսումնական ծրագրերի, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը։
Ստավրոպոլի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Կուլեշինինը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում նախատեսում են անցկացնել «Ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթը, որին կարող է մասնակցել նաև ՀՊՄՀ-ի դասախոսական կազմը։
Ի դեպ, մրցույցի հաղթողները հնարավորություն կունենան Ստավրոպոլի պետական մանկավարժական համալսարանում մասնակցել վերապատրաստման մեկշաբաթյա դասընթացի։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև գիտական ամսագրերում փոխադարձ տպագրության, ՀՊՄՀ-ի ուսանողների համար կրթաթոշակ սահմանելու, համատեղ այլ ծրագրեր իրագործելու հնարավորությունները, որոնք գոհացուցիչ և արդյունավետ կլինեն կրթական երկու հաստատությունների համար։