ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում էին վերականգնողական ոլորտի ԱՀԿ և ԱՄՆ ՄԶԳ-ի փորձագետները
14.06.2023
ՀՊՄՀ-ում էին վերականգնողական ոլորտի ԱՀԿ և ԱՄՆ ՄԶԳ-ի փորձագետները

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագետների թիմը Հայաստանում է՝ աջակցելու ՀՀ կառավարությանը վերականգնողական ծառայությունների և աջակցող միջոցների ընդլայնման միջգերատեսչական Ազգային գործողությունների պլանի մշակմանը։

Այս շաբաթ աշխատանքներն է սկսել Վերականգնման և աջակցող միջոցների հարցերով ազգային միջգերատեսչական տեխնիկական աշխատանքային խումբը, որի կազմում են նախարարությունների ներկայացուցիչներ, վերականգնման և աջակցող տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ։

Աշխատատանքային խմբում է նաև ՀՊՄՀ պրոռեկտոր, Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դոցենտ Մարիաննա Հարությունյանը։

Այցի շրջանակներում խմբի ներկայացուցիչները հյուրընկալվել էին Մանկավարժական համալսարանում։ ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց, որ փորձագետների թիմը Հայաստանում հատուկ կրթության ոլորտի մասնագետներ պատրաստող միակ կրթական հաստատությանը՝ Մանկավարժականին, դիտարկում է որպես ակտիվ գործընկեր։ Վստահեցրեց՝ պատրաստ են իրականացնելու ծրագրային կարևոր կետեր՝ նպաստելով ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը։

Հանդիպմանը ԱՀԿ հայաստանյան գրասենյակի Վերականգնողական և աջակցող միջոցների գծով ազգային խորհրադատու Ժաննա Հարությունյանը ներկայացրեց արտասահմանցի գործընկերներին՝ ԱՄՆ ՄԶԳ-ի վերականգնողական ավագ խորհրդատու Կիկի Լենդսին և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի վերականգնողական աջակցող միջոցների և ներառականության գծով պատասխանատու դոկտոր Քոհալ Մորգանին։

Վերջինս ներկայացրեց այցի նպատակը, գործողությունների պլանը՝ միտված վերականգնման ոլորտում առկա հիմնարար կարիքները հասցեագրելու և մեր երկրում վերականգնողական ծառայություններն ազգային առողջապահական, սոցիալական պաշտպանության համակարգերում ընդլայնելու և ինտեգրելու ուղղությամբ։

Դոկտոր Քոհալ Մորգանը չթաքցրեց, որ ՀՊՄՀ-ն՝ իր մասնագիտական ներուժով, մեծ հետաքրքություն է ներկայացնում․վստահ է, որ աշխատանքները կլինեն միջգերատեսչական, իսկ ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների աջակցությամբ գործնականում կյանքի կկոչվի վերականգնման ոլորտում առկա հիմնարար կարիքներին հասցեագրված «Վերականգնում 2030» օրակարգը։

Դոկտոր Քոհալ Մորգանի հարցին, թե՞ որոնք են այն մարտահրավերն ու խնդիրները, որոնք առաջիկայում պետք է լինեն ՀՀ կառավարության հետաքրքրության առանցքում, Մարիաննա Հարությունյանը նշեց՝ հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորում, բուհական համակարգում առարկանների դասավանդման ընտրության հնարավորության ճկունություն, գործնական աշխատանքների ժամաքանակի ավելացում և այլն։

Հանդիպման ընթացքում ծավալվեց քննարկում․ԱՄՆ ՄԶԳ-ի վերականգնողական ավագ խորհրդատու Կիկի Լենդսը հետաքրքրվեց ոլորտում առկա խնդիրների և մարտահրավերների շուրջ բուհերի համագործության, ՀՀ Կառավարության հետ տարվող աշխատանքների, համընդհանուր ներառականության անցման, իրազեկման, առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների ընտանիքների ներգրավվածության, մեթոդաբանության և գործող ուսուցիչների վերապատրաստումների վերաբերյալ։

Պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը խոսեց ոլորտում օրենսդրական բացերի, ներկայացված նախագծերի մասին, ընդգծելով՝ չնայած դրանք հաճախ չեն դիտարկվում, սակայն շարունակում են ակտիվ մասնակցել տարբեր քննարկումների, աշխատաժողովների՝ բարձրաձայնելու ոլորտի խնդիրները։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկաններ Գոհար Հովյանն ու Ռուզաննա Պետրոսյանը, որոնք իրենց դիտարկումները ներկայացրին կրթական ոլորտի բարեփոխումների, գնահատման չափորոշիչների, կարգի, առկա բացերի վերաբերյալ։

Նշենք, որ հունիսի 12-ից մեկնարկել է եռօրյա աշխատաժողով, որի նպատակն է առաջիկա 7 տարիների համար մշակել ՀՀ-ում վերականգնողական ոլորտի և աջակցող տեխնոլոգիաների զարգացման ռազմավարություն։

Երեք օրերի ընթացքում խումբն ինտենսիվ աշխատում է և հետագայում էլ կաշխատի՝ մշակելու Վերականգնման և աջակցող միջոցների հասանելիության ընդլայնման ազգային ռազմավարությունն ու գործողությունների պլան, որը կներկայացվի ՀՀ կառավարությանը։