ՀՊՄՀ-ի հրավերով բուհում հյուրընկալվել էր Էրգոթերապիստների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Սամանտա Շենը։ Կառույցը կարևոր դեր ունի ոլորտում․ համակարգում է աշխարհում գործող էրգոթերապիստների ասոցիացիաներն ու կրթական ծրագրերի աշխատանքները։
Այցի շրջանակներում ֆեդերացիայի նախագահը հանդիպեց բուհի շրջանավարտ-էրգոթերապիստների հետ, ներկայացրեց ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրներն ու մարտահրավերները։ Բանախոսն անդրադարձավ նաև ֆեդերացիայի ծրագրերին, մեթոդաբանությանն ու դրանց օժանդակմանը։
Հանդիպմանը ներկա էր նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի վերականգնողական գծով ազգային խորհրդատու Ժաննա Հարությունյանը։
Վերջինս ներկայացրեց վերականգնողական ծառայությունների տրամադրման, աջակցող սարքերի ներդրման հետ կապված ԱՀԿ-ի դիրքորոշումը, ինչպես նաև «էրգոթերապիա» մասնագիտության հետ կապված ՀՀ օրենսդրական դաշտում նախատեսվող փոփոխությունները։
ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Սամանտա Շենն աշխատանքային հանդիպում ունեցավ նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանի հետ։
Հանդիպմանը քննարկվեց Մանկավարժական համալսարանում «էրգոթերապիա» մասնագիտությունը բակալավրիատի կրթական ծրագրում վերակագնելու անհրաժեշտությունը․ 2014-2015 ուսումնական տարվանից այն ընդգրկված է միայն մագիստրոսական ծրագրում․«Մասնագիտությունը բակալավրիատում վերակագնելու անհրաժեշտություն կա․տարիներ շարունակ ունի այն իր ուրույն տեղն ու դերն է ունեցել բուհի մասնագիտությունների շարքում։ Այդ առումով մեծ է նաև հանրային պահանջը»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Մարիաննա Հարությունյանը։
Պրոռեկտորը հավելեց նաև, որ արդեն իսկ մեկնարկել է ծրագրի վերամշակումը։ Բացի այդ, Էրգոթերապիստների համաշխարհային ֆեդերացիայի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ կառույցը կդիտարկի և կհաստատի ծրագիրը։ «Եթե գործընթացը հաջողի, արդեն հաջորդ ուսումնական տարում ՀՊՄՀ-ի բակալավրիատում կներդրվի միջազգայնորեն ճանաչված առաջին մասնագիտական կրթական ծրագիրը»,-նշեց Մարիաննա Հարությունյանը։
Վերջինս նաև տեղեկացրեց, որ ոլորտի խնդիրների վերհանման համար քննարկվում է մեր երկրում մեծամասշտաբ գիտաժողով կազմակերպելու հնարավորությունը։