Մանկավարժական համալսարանն այսօր հյուրընկալեց Հունգարիայից ժամանած պատվիրակությանը՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միկլոշ Պանինի գլխավորությամբ։
Պատվիրակության կազմում էին նաև Վարչապետի աշխատակազմի բաժնի պետ Բերտալան Կիշը, Արտաքին գործերի նախարարության «Հալածված քրիստոնյաների» բաժնի պետքարտուղար Ազբեյ Տրիստանը, Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր Բալինտ Կովաչը, Հայկական ինքնավարության նախագահ Ակոշ Իսեկուտսը։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց հայ-հունգարական գործընկերային հարաբերությունները, որոնք նպաստել են մի շարք հարցերի լուծման, այդ թվում՝ կրթական, սոցիալական, հումանիտար։
Բուհի ղեկավարը կարևորեց գիտակրթական հարթակում Մանկավարժականի հետ հաղորդակցումը, երկուստեք ջանքերն ու ձեռքբերումները, որոնց կենտրոնում ուսանողն է՝ մասնագիտական կարողությունների զարգացման և որակական փոփոխությունների հեռանկարով․ «Ձեր ներկայությունը բուհում մեկ անգամ ևս ընդգծում է գործընկերության կարևորությունը։ Հույս ունենք, որ հանդիպման ընթացքում ձևավորված առաջարկների շնորհիվ այն կթևակոխի զարգացման նոր փուլ»։
Փոխնախարար Միկլոշ Պանինն առաջին անգամ է Հայաստանում․ կարևորում է մեր երկրում տարբեր ուղղություններով համագործակցությունը, ինչպես նաև Մանկավարժականի և Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի գործընկերության արդյունքում իրականացվող գիտակրթական ծրագրերը։
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում նմանատիպ կենտրոն կստեղծվի նաև Մանկավարժականում, որտեղ կուսումնասիրվի հունգարական պատմությունը, լեզուն, մշակույթը, դասախոսների և ուսանողների համար կիրականացվեն փոխանակման ծրագրեր։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միկլոշ Պանինն ընդգծում է՝ Հունգարիայի կյանքում չափազանց մեծ է եղել հայերի դերակատարումը: Վստահ է՝ հունգարագիտական կենտրոնի ստեղծումը, նախատեսվող հետազոտությունների անցկացումն առավել կամրապնդեն կրթական կառույցների երկարամյա գործընկերությունը։
Հանդիպմանը ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց ՀՊՄՀ-ի մասնագիտությունների շրջանակը՝ ուսուցչականից մինչև հատուկ կրթության մասնագետներ, և հույս հայտնեց, որ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի և դոկտոր Բալինտ Կովաչի միջև գիտական երկխոսությունից սկիզբ առած համագործակցությունն առավել ընդգրկուն կլինի։
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ներկայացնել երկկողմ համագործակցությանը վերաբերող առաջարկներ: