Այսօր Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդունեց Լիտվայի Վիտաուտաս Մագնուսի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ջուոզազ Աուգուտիսին։
Հանդիպմանը ներկա էին բուհի Աշխատակազմի և միջազգային համագործակցության, Ուսումնագիտական գծով պրոռեկտորներ Մարիաննա Հարությունյանը, Մարիամ Իսպիրյանը, Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը։
ՀՊՄՀ-ի ռեկտորը, կարևորելով լիտվացի գործընկերոջ այցը բուհ, հույս հայտնեց, որ այն հնարավորություն կտա մանրամասն ծանոթանալ կառույցի գործունեությանը՝ նախանշելով հիմնական առաջնահերթություններն ու գործընկերության ընդհանուր առանցքը։
Պրոֆեսոր Ջուոզազ Աուգուտիսը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի 100-ամյա պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները։
Ռեկտորն անդրադարձավ Լիտվայում ուսանողների թվի նվազմանն ու բուհերի օպտիմալացման խնդիրներին և հավելեց՝ Վիտաուտաս Մագնուսի համալսարանի կազմում վերջին տարիներին ընդգրկվել են երկու ուսումնական հաստատություններ ևս, ինչի արդյունքում բուհն այսօր պատրաստում է նաև մանկավարժներ։
Ջուոզազ Աուգուտիսը ընդգծեց նաև՝ բուհում կրթական գործունեությունն իրականացվում է աշխարհի լավագույն համալսարանների օրինակով։ Բանախոսը ներկայացրեց դիմորդների ընդունելության կարգը, ուսուցման առանձնահատկությունները, օտար լեզուների դրվածքը բուհում։
Մանկավարժություն, հոգեբանություն, դասավանդման մեթոդիկա․ Սրբուհի Գևորգյանը լիտվացի գործընկերոջը ներկայացրեց Մանկավարժականի հիմնական ուղղություններն ու կառույցի հիմնարար առաքելությունը։
Պրոֆեսոր Գևորգյանը նկատեց՝ 100-ամյա բուհերն ունեն մի շարք ընդհանրություններ․ մասնավորապես՝ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ երկարամյա համագործակցության ընթացքում կրթական առարկաների վերանայումը։
Ռեկտորը, անդրադառնալով ՀՀ բարձրագույն կրթության մասին օրենքում սպասվելիք փոփոխություններին, ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանը գիտակցում է բարձրագույն մանկավարժական կրթության ոլորտում իր պատասխանատվության տիրույթը և պատրաստակամ է որակական գործընթացներ ապահովել՝ ժամանակակից ուսուցիչ պատրաստելու գործում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև բուհերում գիտական կադրեր թողարկող մասնագիտական խորհուրդների գործունեությունը, կրկնակի դիպլոմների շնորհման, գիտական հանդեսներում երկուստեք տպագրման հնարավորությունները, ինչպես նաև ուսանողների ներգրավվածությունը՝ «Ամառային դպրոց» միջազգային և Էրազմուս + շարժունության ծրագրերում։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում առավել սերտացնել և զարգացնել բուհերի միջև գործակցությունը։