ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում էր Օմսկի նահանգի պատվիրակությունը
24.08.2022
ՀՊՄՀ-ում էր Օմսկի նահանգի պատվիրակությունը

Այսօր Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդունեց ՌԴ Օմսկի նահանգի կրթության նախարարի տեղակալ Ելենա Կորչագինային, Օմսկի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Իվան Կրոտտին, բուհի Միջազգային բաժնի ղեկավար Լյուդմիլա Բեվզյուկինին։

Հանդիպման ընթացքում Ելենա Կորչագինան ներկայացրեց Օմսկի նահանգում կրթության ոլորտում իրականացվող գործընթացները, կրթական հաստատություններն ու դրանց ներուժը, առավել նախընտրելի մասնագիտությունները, ընդգծելով, որ բուհերում սովորող շուրջ 70 հազար ուսանողներից 11 հազարն օտարերկրացի է, այդ թվում՝ ՀՀ-ից:

ՀՊՄՀ-ի ռեկտորը, կարևորելով Օմսկի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունը, հույս հայտնեց, որ առաջիկայում կձևավորվեն այն հիմնական առաջնահերթությունները, որոնցով կիրականացվեն համատեղ նախագծեր։

Պրոֆեսոր Գևորգյանը վստահ է՝ տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը կնպաստի երկկողմ գործընկերության ամրապնդմանը։

Բուհի ղեկավարը ռուս գործընկերներին ներկայացրեց 100-ամյա բուհի առաքելությունը, կառուցվածքը՝ ընդգծելով, որ այն Հայաստանում մանկավարժներ պատրաստող միակ դարբնոցն է․ ազգային հենքի վրա ոլորտի առաջատար մասնագետները կրթում են որակյալ կադրեր։

«Օմսկի պետական մանկավարժական համալսարանն այս տարի կնշի հիմնադրման 90-ամյակը․այն նահանգի հնագույն բուհերից է և իր ուրույն դերակատարումն ունի մանկավարժական կադրերի պատրաստման գործում»,- հանդիպման ընթացքում նշեց ռեկտոր Իվան Կրոտտը։

Ներկայացնելով մանկավարժական բուհը, գործունեության հիմնական ուղղությունները, մասնագիտական կրթության և ուսուցման առանձնահատկությունները, Իվան Կրոտտը վստահություն հայտնեց՝ գիտակրթական համագործակցության լուրջ հեռանկարներ կան։

Կողմերը ներկայացրին նաև բուհերում գործող մասնագիտական խորհուրդների գործունեությունը, գիտական հանդեսները, միջազգային ծրագրերը։ Կարևորվեց համատեղ վերապատրաստումների և սեմինարների անցկացումը, ուսանողների փոխանակման ծրագրերը։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում սերտացնել և զարգացնել բուհերի միջև գործակցությունը։