Մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի հրավերով բուհում էր Բուդապեշտի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի պատվիրակությունը՝ Հայագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր Բալինտ Կովաչը, դասախոս Անդրեյ Բաչկոյը և Ագնես Ռևիցկին:
Այցի ընթացքում հունգարացի պատվիրակներն աշխատանքային հանդիպում ունեցան ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի պաշտոնակատար Մարիաննա Հարությունյանի հետ. ամփոփվեցին Էրազմուս + կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, նախանշվեցին հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Հունգարացի հայագետը հանդես եկավ նաև բաց դասախոսությամբ՝ ապագա պատմաբաններին ներկայացնելով «Հայկական համայնքը Տրանսիլվանիայում. անցյալն ու ներկան»:
Կաթոլիկ համալսարանի Հայագիտության ամբիոնի վարիչը Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ խոսեց նաև հայերենն ու Հայաստանը սիրելու, հայագիտության ոլորտն ընտրելու, ինչպես նաև հունգարական կրթական համակարգի առանձնահատկությունների, ՀՊՄՀ-ի հետ փոխանակային ծրագրերի, դրանց արդյունավետության ու հեռանկարների մասին:
Բալինտ Կովաչը հույս հայտնեց, որ ուսանողներից շատերը կհաղթահարեն լեզվական անջրպետն ու իրենց հետագա ուսումը, այդ թվում՝ գիտության ոլորտում, կշարունակեն Պազմանի համալսարանում:
Ի դեպ, առաջիկայում հանրային դասախոսությամբ հանդես կգա նաև Անդրեյ Բաչկոյը: