ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում էր ռեկտոր Դմիտրի Բեսպալովը
15.12.2022
ՀՊՄՀ-ում էր ռեկտոր Դմիտրի Բեսպալովը

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանն այսօր հյուրընկալեց Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի (ՌԴ) ռեկտոր Դմիտրի Բեսպալովին։

Աշխատանքային հանդիպմանը ներկա էին ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն ու Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի միջազգային նախագծերի և ծրագրերի բաժնի պետ Վլադիմիր Սամոյլենկոն։

Ռեկտոր Գևորգյանը նկատեց՝ բուհերի երկարամյա գործընկերությունն ընթացիկ տարում առավել արդյունավետ էր, գործնական՝ նաև համատեղ ծրագրերի իրականացման առումով։

Սրբուհի Գևորգյանը վստահ է՝ ընդգծելով նոր առաջնահերթություններն ու անելիքները, հնարավոր կլինի զարգացնել փոխարդյունավետ գործընկերություն մի շարք ոլորտներում, այդ թվում՝ մանկավարժության, հոգեբանության, ներառական կրթության։

Ռեկտորն ընդգծեց՝ ի դեմս Մանկավարժականի, ունեն կայուն գործընկեր, որ պատրաստ է իրագործել հուշագրային պայմանավորվածություններն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը․ «Երկու բուհերի համատեղ նախաձեռնությամբ կայացած ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացները, այս պահին ՀՊՄՀ-ում ընթացող երիտասարդ առաջնորդների եռօրյա միջազգային դպրոց ծրագրերը փաստում են՝ հետագա համագործակցության կարևորության և նոր ուղենիշներ սահմանելու մասին»։

Կարևորելով գործընկերային հարաբերությունները՝ Սրբուհի Գևորգյանը հավելեց, որ բուհում զուգահեռ ընթանում է «Բարձրագույն մանկավարժական կրթության հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում և իրենց փորձն ու ոլորտում նորարարությունների մասին են կիսվում ռուսաստանյան բուհերի մի շարք ներկայացուցիչներ։

Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ռեկտոր Դմիտրի Բեսպալովը տպավորված է․ հասցրել է շրջել բուհի թանգարանում, ծանոթանալ կրթական կառույցի պատմությանն ու ժամանակագրությանը։

Շնորհավորելով գործընկեր բուհի մեկդարյա հոբելյանը՝ ռեկտոր Բեսպալովը գիտակրթական և երիտասադարական ծրագրերում մաղթեց նոր հաջողություններ՝ ընդգծելով՝ ՀՊՄՀ գործընկերներին փոխադարձ այցով սպասում են իրենց բուհում։

Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի  նորընտիր ռեկտորը նկատեց՝ համատեղ ծրագրերը վատ սկիզբ չեն ժամանակակից գործըներության պատմության մեջ, ապա առաջարկեց հաջորդ տարում վերակնքել հուշագիրը, ստեղծել համատեղ միջազգային գիտական լաբորատորիա, փոխճանաչելի դարձնել դիպլոմներն ու չսահմանափակվել եղածով, այլ քայլ առ քայլ գնալ դեպի նոր, առավել լայնամասշտաբ ծրագրերի իրականացում։