«Նոր մանկավարժությունը համագործակցության, համերաշխության ու մասնակցության վրա հիմնված փոխհարաբերությունների գործընթաց է, որը կրթությունը դիտարկում է որպես հիմնարար իրավունք և հանրային բարիք՝ խաղաղության ու կայուն զարգացման հասնելու համար։ Մանկավարժը կրթության առանցքային դերակատար է, պրոֆեսիոնալ, ռեֆլեքսիվ և մասնակցային անձ»,-այսօր ՀՊՄՀ-ում կայացած Գիտական խորհրդի նիստում նշեց Մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը։
Մանկավարժական կրթության զարգացման տեսլականի վերաբերյալ զեկույցում պրոֆեսորը ներկայացրեց մանկավարժական բուհի նպատակը, նոր մանկավարժության գլխավոր սկզբունքները, առանձնահատկությունները, զարգացման միտումները։
Մանկավարժական կրթության բովանդակությունը պետք է խթանի միասին գիտելիք ստեղծելու ձգտմանը, որակյալ կրթության իրականացմանը, գիտահետազոտական գործունեության կազմակերպմանը, ոչ ֆորմալ կրթությանը, դպրոցում սոցիալական մանկավարժի հաստիքի վերականգնմանը․ըստ պրոֆեսոր Թոփուզյանի, սրանք են մանկավարժական կրթության զարգացման այն 6 հիմնական ուղղությունները, որոնք կձևավորեն ապագայի մանկավարժի կերպարը։
«Բարձրագույն մանկավարժական կրթության առաքելությունը կրթության, դաստիարակության, հետազոտության համար բարենպաստ, տեխնոլոգիաներով հագեցած կրթական միջավայրի ստեղծումն է»,-նշում է պրոֆեսորն ու հավելում՝ որակյալ կրթությունը ձևավորում է պրոֆեսիոնալ և ժամանակի պահանջներին համապատասխանող մրցունակ մանկավարժների սերունդ։
Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարծիքով՝ մանկավարժական կրթության զարգացման տեսլականի ձևավորման վերաբերյալ քննարկումները պետք է լինեն մասսայական՝ մասնակից դարձնելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին։
Գիտական խորհրդի անդամներն էլ նկատում են՝ հայեցակարգը կարևոր է ինչպես մեր երկրի, այնպես էլ աշխարհասփյուռ հայ մանկավարժների համար։
Մանկավարժական կրթության զարգացման տեսլականը Գիտական խորհուրդն ընդունեց ի գիտություն։
Համալսարանում գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացը ներկայացրեց բուհի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը։
«Մանկավարժական համալսարանը, հավատարիմ իր որդեգրած քաղաքականությանը, բազմաթիվ ձեռնարկներ է իրականացնում գիտակրթական ոլորտում՝ ամրագրելով որակական զարգացման շարունակական աճ»,- իր ելույթում նշեց պրոռեկտորը։
Նա բուհի գիտական ձեռքբերումները պայմանավորեց բազային և պայմանագրային (թեմատիկ) գիտահետազոտական ծրագրերի հաջող իրականացմամբ և վստահեցրեց՝ ղեկավարության ուշադրության կենտրոնում են ոչ միայն Գիտության կոմիտեի կողմից հայտարարվող տարաբնույթ մրցույթները, այլև գերատեսչությունների ներկայացվող դրամաշնորհային գիտական ծրագրերը․«Գիտահետազոտական համալսարան դառնալու ճանապարհին կարևորվում է գիտակրթական գործընթացներում ուսանողների մասնակցությունը, միջազգային և հանրապետական բազմաթիվ գիտաժողովները, որոնք անցած տարի աննախադեպ էին թե՛ թվային վիճակագրության, թե՛ աշխարհագրական ընդգրկվածության առումով»,-նշեց նա։
Մարիամ Իսպիրյանը գիտահետազոտական գործունեության համատեքստում ընդգծեց նաև բուհի գիտահրատարակչական գործունեությունը՝ ընդգծելով, որ ՀՊՄՀ-ում ներկայումս հրատարակվում է 9 պարբերական, որոնցից WISDOM ամսագիրն ընդգրկվել է նաև Asian Digital Library (ADL) շտեմարանում։
Պրոռեկտորը կարևոր ձեռքբերում համարեց «Մաթեմատիկան դպրոցում» պարբերականի վերահրատարակումը, նոր՝ «Լեզվաբանական հանդես» պարբերականի հրատարակումը, ինչպես նաև առաջիկայում ԲՈԿ-ի ցանկում «Ռուսաց լեզուն Հայաստանում» և «Հոգեբանական հիմնախնդիրներ» պարբերականների ընդգրկումը։
Ամփոփելով ելույթը՝ պրոռեկտորը վստահեցրեց՝ նախատեսված բոլոր գիտական ծրագրերը և հրատարակչական գործընթացներն իրականացվել են ըստ նախատեսված ժամանակացույցի և կրում են շարունակական բնույթ։
Ռեկտոր Գևորգյանը նկատեց՝ ժամանակակից համալսարանների զարգացման գլխավոր նախապայմանը գիտաչափական տվյալների առկայությունն է։
Հաշվի առնելով մասնագիտական մի շարք ոլորտներում առկա խնդիրները՝ ռեկտորը հորդորեց ծավալել գիտական ակտիվ գործունեություն ։
Գիտական խորհուրդը դոցենտ Եվա Մնացականյանին ընտրեց պրոֆեսորի, դասախոսներ Արմեն Աբգարյանին, Մարի Քելոյանին, Նարինե Մարկոսյանին, Արմինե Հակոբյանին դոցենտի պաշտոնում։
Գիտական խորհուրդը հաստատեց նաև ներկայացված 3 ատենախոսությունների թեմաները, հրատարակման երաշխավորեց ներկայացված գրքերը։
Ավանդույթի համաձայն՝ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին։